Քանդակագործը մեծապես ոգեշնչվել է ժողովրդական բանահյուսության թեմաներից, ազգային ձևաոճական լեզվից և հայ միջնադարյան քանդակագործության լավագույն ավանդույթներից՝ ստեղծելով ընդհանրացված ու խոշոր ծավալներ ունեցող արձաններ և հաճախ էքսպրեսիվ ու հստակ գծային լուծումներ ունեցող բարձրաքանդակներ։ Այդպիսի էքսպրեսիվ ու մասշտաբային աշխատանքներից է հենց վերը նշված «Մայր Հայաստանը» (1967)։ Կոփածո պղնձից 22 մետրանոց և 15 տոննա կշռող, երկաթյա հիմնակմախքի վրա հավաքված այս արձանը քանդակագործի գլուխգործոցներից է։ Այն վերստին դարձել է ոչ միայն Երևանի, այլև ողջ Հայաստանի խորհրդանիշը։ Քանդակագործը պատկերում է Հայաստանը սուր ընդգծված դիմագծերով կնոջ կերպարում՝ հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությամբ բայց և հանդարտ ու հաստատակամ դիրքում։
Արա Հարությունյանի այլ հատկանշական գործերից են մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերի (1965, 1966) մոնումենտալ ու շեշտակի ռիթմերով օժտված հարթաքանդակները, Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի՝ հայոց արքա Արտավազդ Բ–ի և թատերական արվեստը խորհրդանշող պատկերներով քանդակազարդ շքամուտքը (1966), Արգիշտի Ա–ի գլխաքանդակով և մարտիկների, շինարարների խմբաքանդակներով, թևավոր նժույգների պակերներով, որսի տեսարաններով և բուսական ու երկրաչափական զարդանախշերով Երևանի «Էրեբունի» թանգարանի արտաքին պատերը ծածկող ռելիեֆները, (1966), Հոկտեմբերյանի շրջանում Սարդարապատի հերոսամարտի տեղում կառուցված հուշահամալիրի (1968) քանդակները: Սարդարապատի հուշահամալիր տանող լայն աստիճանները հաղթահարած այցելուներին մուտքի մոտ դիմավորում են կարմիր տուֆից քանդակված, գլուխները խոնարհած թևավոր ցուլերի վիթխարի, պարզ ու սխեմատիկ ֆիգուրները, որոնք հստակորեն ուրվագծվում են երկնքի ֆոնին:
Հարությունյանի հետագայում կատարած նշանակալից աշխատանքներից է այսպես կոչված «Բանվորի արձանը» (իրականում ստեղծագործությունը կոչվում է «Փառք աշխատավորին»)։ Չուգունից ձուլված այս սխեմատիկ երկրաչափական, հաստատուն քայլքով առաջ ընթացող երիտասարդի առնական կերպարը ցավոք ապամոնտաժվեց նորանկախ Հայաստանում՝ 1997–ին:
Ի տարբերություն այս մոնումենտալ կոթողների, քանդակագործի ստեղծագործության մեջ իրենց կամերայնությամբ, մտերմիկ մթնոլորտով և լիրիկականությամբ են առանձնանում Սայաթ–Նովայի հուշաղբյուրն (1963) ու նույն պուրակում տեղադրված Կոմիտասի արձանը (1969)։
Արա Հարությունյանի ստեղծագործությունը հայ նոր և նորագույն շրջանի քանդակագործության ամուր հիմասյուներից է։ Նրա հեղինակած 40-ից ավել հուշարձանները, կոթողներն ու հուշարձանային համալիրները զարդարում են Հայաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Մոլդովայի և շատ այլ պետությունների քաղաքների փողոցները, հրապարակներն ու զբոսայգիները: Նա արտահայտել է իր ժամանակի ոգին, միևնույն ժամանակ սնվել ազգային արվեստի ավանդույթներից՝ ստեղծելով հայ քանդակագործության նոր դիմագիծը։