Ինչո՞ւ են մարդիկ դադարել գլխարկներ կրել: Այս հարցին պատասխանելու համար, երևի, թե պետք է տեսնենք, թե ինչու մարդիկ նախ հազարամյակներ առաջ սկսեցին գլխարկներ օգտագործել:
05.11.2024
Ինչո՞ւ են մարդիկ դադարել գլխարկներ կրել: Այս հարցին պատասխանելու համար, երևի, թե պետք է տեսնենք, թե ինչու մարդիկ նախ հազարամյակներ առաջ սկսեցին գլխարկներ օգտագործել:

Երբ հայտնաբերվեց Եվրոպայում ամենահին՝ 5300 տարեկան մարդու մումիան, որին անվանեցին Օտցիլ, հնէաբանները համոզվեցին, որ դեռևս պղնձե դարաշրջանում, եղել են մարդիկ, որոնք ունեցել են բարդ գործվածքային հագուստ: Օտցիի մոտ լավ պահպանված հագուստի հետ հայտնաբերվել է նաև արջի մորթուց պատրաստված գլխարկ: Անհայտ է, թե այս գլխարկը բացի գլուխը տաք պահելու ֆունկցիայից նրա համար այլ նշանակություն ունեցե՞լ է, թե ոչ: Սակայն, հետագայում համաշխարհային պատմությունից հստակ երևում է, որ գլխարկները ծառայել են ոչ միայն արևից և ցրտից պաշտպանվելու միջոց, այլև ունեցել են ծիսական կամ կրոնական իմաստ, ինչպես նաև եղել են սոցիալական դիրքը ցուցադրելու գործիք:

Անտիկ Հունաստանում տարածված էին պետաս կոչվող գլխարկները, որոնք հիմնականում կրում էին արհեստավորները, նավաստիները, ազատ գյուղացիները: Գլխարկի այս տեսակն այնքան տարածված էր, որ անգամ Հերմես աստծո կերպարի մասն էր կազմում :
Հռոմեացիները ևս օգտագործել են պետասը: Հետագայում այն դարձավ աշխատավորների գլխարկը, բայց միայն ազատ մարդկանց համար էր․ ստրուկներն իրավունք չունեին գլխարկ կրելու։ Իսկ դակիացիների մոտ գլխարկը նաև ցույց էր տալիս անձի սոցիալական կարգավիճակը. ազնվականները կրում էին պիլիա և կոչվում էին «pilleati» (պիլիում կրողներ), ի տարբերություն «comati»-ների (հասարակ մազերով), որոնք գլխարկ չէին կրում: Գլխարկի այս հատկությունը՝ կրողին ընձեռել կարգավիճակ, դեռ երկար դարեր կպահպանվի:

Մինչև միջնադար, սակայն, գլխարկները մնացել էին մեծամասամբ տղամարդկանց պահարանում: Հատկապես զինվորականների մոտ գլխարկը դարձել էր սաղավարտ և կարևոր ֆունկցիոնալ դեր էր կատարում մարտերում: Կանայք սահմանափակվում էին հիմնականում գլխաշորով, իսկ կանանց պահարանում հայտնված գլխարկները ոչնչով չէին տարբերվում տղամարդկանց տարբերակներից:
Իսկ ահա 1395 թվականին Ֆրանսիայի թագուհի Իզաբելա Բավարացին նորաձևություն բերեց էնին կոչվող գլխարկները: Իզաբելան, առհասարակ, իր ժամանակաշրջանի նորաձևություն թելադրող ազդեցիկ կին էր: Թագուհին շատ ցածրահասակ էր, և այդ փաստը թաքցնելու համար գնում էր ցանկացած հնարքի, այդ թվում բարձր գլխարկներ կրելով: Թագուհուց հետո այս գլխազարդը սկսեցին կրել Եվրոպայի գրեթե բոլոր երկրների կանայք:Էենինի բարձրությունը կախված էր կնոջ ազնվականությունից։ Այսպիսով, արքայադստրերը հագնում էին գլխարկը մեկ մետր բարձրությամբ, պալատական տիկնայք՝ մինչև 50-60 սմ.։ Սենյակ մտնելիս կանայք կռանում էին, այլապես դռնով չէին անցնի:

15-րդ դարում տղամարդիկ, կարճահասակ չերևալու համար, ևս սկսեցին կրել բարձր գլխարկներ` կապոտեն, ինչը ևս շատ արագ անցավ կանանց պահարան:Կապոտեն գլխարկները հետագայում դարձան գլանագլխարկի նախատիպը:
16-17-րդ դարի գլխարկները իրարից շատ չէին տարբերվում, թերևս միայն լայնությամբ։ 16-րդ դարում լայնեզր գլխարկներն ավելի կոպիտ կաշվից էին և ոչ շատ լայն, սակայն 17-րդ դարում Ֆրանսիան դառնում է նորաձևության մայրաքաղաք։ Լյուդովիկոս XIV-ը նորաձեւության մեջ մտցրեց հեծելազորի լայնեզր ֆետրե գլխարկները: Դրանք զարդարված էին աղվեսի պոչերով, սիրամարգի փետուրներով և ժապավեններով:
18-րդ դարում փոշեդրված կեղծամների պատճառով գլխարկները կրում էին ձեռքում, և միայն հազվադեպ դնում գլխին։ Տղամարդկանց գլխարկները եռանկյունի էին, իսկ ծայրերը զարդարված էին ոսկեգույն ժապավենաթելով։ Իսկ կանանց մոտ տարածված էին ծղոտե լայն գլխարկները, որոնք զարդարված էին բնական ծաղիկներով։ Ազնվական կանայք լայն գլխարկները դնում էին իրենց ճոխ կեղծամների վրա` էլ ավելի մեծ ծավալ ստանալու համար։

19 րդ դարում տղամարդիկ գլանագլխարկը կրում էին արարողությունների և գործարար հանդիպումների ժամանակ: Իսկ Աբրահամ Լինքոլնը իր գլխարկի ներսում պահպանում էր նամակներ, ֆինանսական թղթեր, օրինագծեր:
Եթե տղամարդկանց գլխարկներն ավելի լակոնիկ էին, ապա կանանց գլխարկների նորաձևությունը շատ անկանխատեսելի տեսք ստացավ: Վիկտորիական դարաշրջանի գլխարկները սկսեցին լակոնիկ կապոր տեսակից, որը երկու կողմից փակում էր կնոջ դեմքն անցանկալի հայացքներից, սակայն այդ նորաձևությունն արագ անցավ, գլխարկները սկսեցին լայնանալ, նրանց վրա արհեստական ծաղիկներ ավելացան, այնուհետև փետուրներ։ Այդ գլխարկների նորաձևությունն իր գագաթնակետին հասավ, երբ դրանց վրա հայտնվեցին էկզոտիկ թռչունների խրտվիլակներ: Շատ հարուստ կանայք մրցում էին, թե ով ավելի յուրահատուկ և հազվագյուտ կենդանու խրտվիլակ կկրի: Նորաձևության պատճառով դրախտային թռչունների ոչնչացումն ուղղակի ծայրահեղ մասշտաբների էր հասնում, մինչև որ այս տեսակ գլխարկների նորաձևությունն անկում ապրեց, Հիասքանչ դարաշրջանի սկզբում։
Գեղեցիկ Դարաշրջանում (1870-1914 թվականները), երբ կանայք ձգտում էին եթերային, նուրբ տեսք ունենալ, զգեստները դարձան 8 սիլուետի, սանրվածքը բարձրացավ, և պետք էին համապատասխան լայն գլխարկներ։ Էկզոտիկ գույները փոխարինվեցին նրբաճաշակ ժապավեններով և կտորներով զարդարված նուրբ գլխարկներով։

Առաջին համաշխարհային պատերազմն իր հետքը թողեց նաև գլխարկների ձևի վրա։ 1920-ականներին տղամարդիկ հրաժարվեցին գլանագլխարկներից, և անցան կոտելոկ գլխարկների փոփոխված տարբերակներին, իսկ կանայք հրաժարվեցին երկար մազերից, և սանրվածքին համապատասխան քլոշ (զանգակ) գլխարկներին անցան։ Հետագայում այս գլխարկները վերադարձան և՛ 1960-ականներին, և 1980-ականներին։
1930-ականներից գլխարկի նորաձևություն էր թելադրում բացառապես Հոլիվուդը։ Այս ժամանակաշրջանը զուսպ շքեղության շրջան էր։ Գլխարկը շարունակում էր մնալ ամենօրյա հագուստի պարտադիր լրացում, սակայն միջին խավը սկսեց ավելի շատ օգտագործել հարմարավետ կեպի գլխարկներ:
1940-ից մինչև 1970-ականները միանշանակ բորսալինո և ֆեդորա գլխարկների տասնամյակներ էին։ Համֆրի Բոգարտի և Ինգրիդ Բերգմանի կերպարները նույնանման գլխարկներով, այս աքսեսուարը դարձրեցին շատ մարդկանց համար բաղձալի։
Բորսալինոյի գլխարկները ժամանակին գնել են Ալ Կապոնեն, և Կոզա Նոստրայի ականավոր ներկայացուցիչները: 1970-ին լույս տեսած ֆրանսիական «Բորսալինո» քրեական թրիլերում ֆրանսիական կինոյի ժամանակ երկու հսկաներ Ալեն Դելոնն ու Ժան-Պոլ Բելմոնդոն, իհարկե, ներկայանում են համապատասխան գլխարկներով։ Որպես հետևանք, 1970-ականներին եվրոպացի շատ տղամարդիկ կրում էին նման գլխարկներ։

1980-ականներից սկսած մարդիկ վերջնական հրաժարվեցին համատարած պարտադիր գլխարկներ կրելուց։ Թեև առ այսօր նորաձևությունն առաջարկում է թրենդային գլխարկների տարբերակներ` կեպկաներ, ծղոտե գլխարկներ, բոբ և այլն, սակայն այսուհետ գլխարկները կամ իմիջի մաս են, կամ արևից պաշտպանվելու ոչ պարտադիր միջոց։ Ինչու՞. Ենթադրաբար կյանքի դինամիկայի փոփոխության պատճառով, ինչի պատճառով մարդիկ ավելի և ավելի պարզ ու թեթև հագուստ էին կրում և գլխարկը չափազանց անտեղի ազնվական էր երևում, մասամբ նաև այն պատճառով, որ մեքենաներն ու հասարակական տրանսպորտն ավելի հասանելի և մասսայական դարձան։ Մեքենա վարելիս կամ հասարակական տրանսպորտ նստելիս, գլխարկի առաջնային պաշտպանիչ ֆունկցիան ևս իմաստազրկվեց։
Դադարելով լինել ամենօրյա հագուստի մաս, սակայն, այս աքսեսուարը չի հեռացել մեր պահարանից: Դրանք ավելի շուտ դարձել են ինքնարտահայտման և յուրահատուկությունն ընդգծելու միջոց: Ամեն տասնամյակի երիտասարդությունը նորովի էր ներկայացում գլխարկները: Այդպես, 1990-ականներին սպորտային գլխարկները սկսեցին կրել ոչ միայն մարզիկները, այլև երաժիշտները, ռեփերներն ու նրանց երկրպագող երիտասարդները: Ընդ որում, կեպկան կրում էին և դիմացով և թարս դրած։

Իսկ 2000-ականներին արդեն բոբ կոչվող գլխարկներն էին նորաձև:
2010-ականներին տարածվել էր newsboy hat-ը, որը հայերենում ավելի հայտնի է որպես «գավրոշ»: Վերջին տարիներին կանանց սիրելի գլխարկ է դարձել նաև բերետը, ոչ միայն փարիզյան կարմիր գույնով, այլ ավելի բազային` սև, շագանակագույն, բեժ, իսկ այս ամռան ամենաթրենդային տարբերակն է ժանյակավոր կամ ծղոտե բոբը:

Իտալիայի հրեա Ֆրենկ Հորվատի ֆոտոլրագրողական կարիերան սկսվել է 1950-ականներին՝ Փարիզ տեղափոխվելուց հետո։ Ընդ որում, նախքան ֆեշն-ֆոտոյի մեջ խորանալը, Հորվատը ժապավենի վրա գրանցում էր քաղաքի «անբարոյականությունն ու լպիրշությունը» (իր իսկ բնորոշմամբ), ինչպես նաև ֆոտոռեպորտաժներ պատրաստում Ասիայից՝ ամերիկյան ու եվրոպական լավագույն ամսագրերի ու թերթերի համար։1957-ին Հորվատը մի փոքր մասնագիտական հեղափոխություն կատարեց, երբ Jardin des Modes նորաձևության ամսագրի համար մի շարք ֆեշն լուսանկարներ արեց՝ օգտագործելով սովորական 35 միլիմետրանոց խցիկն ու հասանելի բնական լույսը։
Ինչպես լուսանկարիչն էր հետագայում հիշում, մի կողմից նրան տվել էին առաջադրանք «լայնացնելու ֆեշն-լուսանկարչության սահմանները», մյուս կողմից էլ՝ նրան էլ ձանձրալի էին թվում սպիտակ ֆոնին շպարված ու քարացած մոդելների միատեսակ կադրերը։ Նրան ավելի հետաքրքիր էր գեղեցիկ հագնված մոդելներին տեղավորել այնպիսի տեսարաններում, որոնք հնարավոր էին իրական կյանքում։ Այդպես տպագրվեցին կադրեր Փարիզի շուկաներում, բարերում ու մետրոյում։ Այս մոտեցումը շատ դուր եկավ հատկապես պատրաստի հագուստի դիզայներներին, քանի որ թույլ էր տալիս ներկայացնելու իրենց աշխատանքները սովորական կյանքի ու կենցաղի համատեքստում։
1958-ին նույն հանդեսում տպագրվեց Հորվատի ամենահայտնի կադրերից մեկը՝ «Givenchy գլխարկը», որտեղ սպիտակ շարֆով ու վերնագրային գլխարկով գրեթե քողարկված, ուղիղ ֆոտոխցիկին նայող մոդելը շրջապատված է լայնեզր գլխարկներով ու հեռադիտակներով զինված ջենտլմեններով, որոնք զարմանալիորեն չեն զմայլվում խորհրդավոր գեղեցկուհու կերպարով, այլ նայում են այլուր։Ինքը՝ Ֆրենկ Հորվատը, առանձնապես չէր սիրում այս տպավորիչ լուսանկարը՝ պատճառաբանելով, որ սա ոչ թե իր, այլ ամսագրի արտ-տնօրեն Ժակ Մոտենի գաղափարն էր, որը նույնիսկ պատրաստել էր ապագա լուսանկարի էսքիզը։

