12.09.2025

ՄԻ ԲՐԵՆԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ․ CROCS

«CROCS» անվանումը ևս պատահական չէր ընտրված. այն հղում է կոկորդիլոսներին, որոնք նույնքան հարմարավետ են զգում իրենց և՛ ջրում, և՛ ցամաքում:

Երբ 2000-ականների սկզբին շուկայում հայտնվեցին մի զույգ անսովոր, փրփուրե հիմք ունեցող կոշիկներ, դժվար էր պատկերացնել, որ դրանք մի օր այնքան սիրված կլինեն, որ նորաձևության ֆենոմեն կդառնան: Ահա Crocs-ի զարմանալի պատմությունը՝ Կարիբյան ծովի համեստ սկզբից մինչև աշխարհով մեկ միլիոնների ոտքերը (ու սրտերը):

Ծովային ուղևորությունից ծնված գաղափարը

Ծովային ուղևորությունից ծնված գաղափարը

2002 թվականին երեք երիտասարդ գործարար ընկերներ՝ Սքոթ Սիմընսը, Լինդոն Հենսոնը և Ջորջ Բոեդեքեր կրտսերը, նավարկում էին Կարիբյան ծովով, երբ նավի տախտակամածին կանադական Foam Creations ընկերության արտադրանքի անսովոր կոշիկներ նկատեցին: Դրանք կրոսլայթ (croslite) նյութից էին պատրաստված և նախատեսված էին ջրային սպորտի համար: Թեթև, անջրանցիկ ու զարմանալիորեն հարմարավետ կոշիկները երիտասարդ ձեռներեցների համար նոր գաղափարի սկիզբ դարձան:

Հասկանալով, որ գաղափարը մեծ ներուժ ունի՝ ընկերները ձեռք բերեցին Foam Creations-ի արտադրանքի բացառիկ իրավունքները և նույն տարում դրա հիման վրա ստեղծեցին իրենց առաջին մոդելը՝ Beach կոչվող կոշիկը։

Իհարկե, առաջին հանրայանցումն էլ պիտի ծովային լիներ․ Ֆլորիդայի՝ Fort Lauderdale նավակների շոուի ընթացքում առաջին անգամ ցուցադրվեց Crocs-ը, իսկ առաջին 200 զույգ կոշիկներն ամբողջությամբ վաճառվեցին։ Նման ակնթարթային հաջողությունը ընկերներին հուսադրեց, որ «տգեղ» կոշիկը ինչ-որ առանձնահատուկ բան ունի փոխանցելու աշխարհին։


«Crocs» անվանումը ևս պատահական չէր ընտրված․ այն հղում է կոկորդիլոսներին, որոնք նույնքան հարմարավետ են զգում իրենց և՛ ջրում, և՛ ցամաքում։ Նրանց պես, կոշիկները ևս բազմաֆունկցիոնալ էին՝ նախատեսված ծառայելու թե՛ ծովում, թե՛ ցամաքում: 

Հարմարավետության գաղտնիքը

Հարմարավետության գաղտնիքը

Crocs-ի հաջողության հիմքում կրոսլայթ հեղափոխական փրփուրային նյութն է: Այն փրփուրե հիմք ունի, չափազանց թեթև է, սակայն դիմացկուն է, իսկ կրողի մարմնի ջերմության ազդեցությամբ նյութը փափկում և միանգամից ադապտացվում է ոտնաթաթին՝ ստեղծելով անհատական հարմարավետություն։ Բացի այդ, այս յուրահատուկ նյութն ամբողջությամբ անջրանցիկ է:

Յուրաքանչյուր դասական Crocs-ն ունի 13 անցք, որոնք ապահովում են օդափոխություն և թուլացնում են ոտքերի քրտնարտադրությունը։

Անսովոր դիզայնը՝ սիրո և ծաղրի սահմանագիծը

Անսովոր դիզայնը՝ սիրո և ծաղրի սահմանագիծը

Crocs-ի տեսքն, անկասկած, տարբերվում է դասական կոշիկներից։ Կլորավուն առջևի մասը, անցքերն ու ընդարձակ ուրվագիծը հաճախ համեմատվում էր մանկական խաղալիքի կամ բուժքրոջ աշխատանքային կոշիկի հետ։ Շատերի աչքին առաջին հայացքից այն տգեղ ու ծիծաղելի էր թվում։

Հեղինակավոր Time ամսագիրը նույնիսկ ներառեց Crocs-ն իր՝ «ամենավատ 50 հայտնագործությունների» ցանկում՝ նշելով, որ այս կոշիկները նման չեն ոչ մի ուրիշ տեսակի և հակասական զգացումներ են առաջացնում:

Համացանցում հայտնվեցին օրինակ, «I Hate Crocs» անվանումով բլոգեր և կայքեր, որտեղ մարդիկ կիսվում էին իրենց վրդովմունքով այս նորաձևության «սխալն» արձանագրելու համար։ Նույնիսկ որոշ հայտնիներ հրապարակավ կատակում էին Crocs-ի մասին, օրինակ՝ դիզայներ Վիկտորիա Բեքհեմը սոցիալական ցանցերի իր էջերում ասել էր, թե ավելի լավ է մահանա, քան Crocs կրի: Այս ամենը կարող էր ճակատագրական լինել այս սկսնակ բրենդի համար, բայց բոլորովին այլ հետևանքներ ունեցավ։ ։
Հնարավոր է զարմանալի հնչի, սակայն հենց ծաղրանքն ու քննադատությունը դարձան բրենդի հաջողության կարևոր մաս։ Crocs ընկերությունը գիտակցաբար ընդունեց իր կոշիկի արտասովոր տեսքը։ 2005 թվականին ընկերությունում գործարկեցին «Ugly Can Be Beautiful» («Անճոռնին կարող է գեղեցիկ լինել») կոչվող գովազդային արշավը՝ շեշտելով, որ արտաքին արտասովորությունը չի խանգարում կոշիկի հարմարապետությանը:

Այս ինքնահեգնական և համարձակ մարքեթինգային քայլը գրավեց մարդկանց ուշադրությունը. չէ՞ որ բրենդն անկեղծ ասում էր՝ «այո, մեր կոշիկը տարբերվում է, բայց հենց այդ առանձնահատկությամբ է գեղեցիկ»։ Շատերը սկսեցին հետաքրքրությամբ մոտենալ Crocs-ին, փորձելու համար՝ իսկապես հարմարավե՞տ է:
Արդյունքում՝ Crocs-ին հաջողվեց ստանալ նույնիսկ ոչ սովորական «հավանության կնիք» քաղաքական հակադիր բևեռներից․ Croc-սերը հագին նկատվել են և՛ Ջորջ Բուշը, և՛ Միշել Օբաման։ Այդպես, բրենդը հաստատեց, որ իր հաճախորդները կարող են լինել ամենուր և ամեն տեսակի մարդիկ՝ անկախ տարիքից, սեռից կամ քաղաքական հայացքներից։ Բայց յուրաքանչյուր մեծ վերելք կարող է ուղեկցվել անկումով։

Առաջին հաջողություններն ու լայն տարածումը

Առաջին հաջողություններն ու լայն տարածումը

Չնայած բոլոր հեգնական գնահատականներին՝ Crocs-ը շուտով գտավ իր նվիրյալ երկրպագուներին։ Հարմարավետությունը վաճառքի լավագույն ու կարևոր առավելությունն էր: Ու նոր թափ հավաքեց արդեն այս շեշտադրումը՝ Crocs-ն «անսահման հարմար» կոշիկ է աշխատանքի, զբոսանքի և առօրյայի համար։ Արդեն 2005 թվականի ընթացքում վաճառվել էր շուրջ 6 միլիոն զույգ։ 2006-2007 թվականներին վաճառքներն եռապատկվեցին։

Այդ աճող պահանջարկի ֆոնին ծնվեցին նաև հետաքրքիր նորարարություններ։ Ամերիկացի մի մայրիկ՝ Շերի Շմելցերը, նկատեց, որ իր երեխաները հաճույքով զարդարում են իրենց Crocs-ները տարբեր փոքրիկ առարկաներով:

Շերիի միտքը փայլեց. ինչո՞ւ չստեղծել զարդեր՝ հատուկ «կոկորդիլոսիկների» համար։ Նա իր ամուսնու հետ հիմնադրեց Jibbitz կոչվող փոքր ընտանեկան ընկերությունը՝ սկսելով արտադրել կոշիկի անցքերում տեղադրվող փոքրիկ դեկորացիաներ՝ աստղիկներ, սրտիկներ, մուլտհերոսների կերպարներ և այլն։ Այս պարզ գաղափարը վերածվեց խոշոր բիզնեսի։ Արդեն 2006-ին Crocs-ը գնեց Jibbitz ընկերությունը $10 միլիոնով։ Այս փոքրիկ զարդերը Crocs-ի ոճի անբաժանելի մասը դարձան, և այսօր էլ աշխարհով մեկ երեխաներն ու մեծահասակները ուրախությամբ զարդարում են իրենց սիրելի կոշիկները։

Անկումն ու վերածնունդը

Անկումն ու վերածնունդը

2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամը չշրջանցեց նաև Crocs-ը։ Պահանջարկը մի ակնթարթում անկում ապրեց, և ընկերության վաճառքներն սկսեցին կտրուկ նվազել: Ընկերությունն անցավ ցնցումների ու փոփոխությունների միջով։ Նոր ղեկավարությունը փակեց ֆիրմային խանութների 75%-ը ԱՄՆ-ում և դադարեցրեց այնպիսի երկրորդական արտադրատեսակների թողարկումը, ինչպիսիք էին գոլֆի կոշիկները, բարձրակրունկ մոդելները և այլ չհաջողված փորձարկումները։ Crocs-ն իր գործունեությունն ավելի արդյունավետ դարձրեց՝ կենտրոնանալով հենց այն գաղափարի վրա, ինչն իրենց հայտնի էր դարձրել։

Վերակենդանացման պլանի մի մասը նաև շուկայավարման ռազմավարության շրջադարձն էր։ Crocs-ը հրաժարվեց ավանդական հեռուստագովազդից և տպագիր հայտարարություններից՝ ամբողջ բյուջեն ուղղելով առցանց հարթակներին։ Gen Z սերունդը, հատկապես TikTok-ի օգտատերերը, վերածեցին Crocs-ը ինքնության մասի։ Նրանք ցուցադրում էին, թե ինչպես են զարդարում իրենց կոշիկները՝ Crocs-ը դարձնելով վիրուսային:

2020 թվականին, երբ համավարակը ստիպեց աշխարհին փակվել տներում, մարդիկ սկսեցին առավել գնահատել հարմարավետությունը՝ նաև հագուստի և կոշիկի առումով։ Շատերը վերադարձան իրենց մոռացված Crocs-ին կամ գնեցին նոր զույգ՝ տնային պայմաններում կրելու համար։ Արդյունքում, 2020-ի ընթացքում Crocs-ի վաճառքներն ուղղակի պայթեցին՝ գումարային հասույթը հասավ $1.38 միլիարդի, իսկ մի քանի տարի անց արդեն կրկնապատկվեցին։ Crocs-ն սկսեց իր պատմության նոր՝ հաղթական գլուխը։

Նորաձևության պոդիումից մինչև փոփ մշակույթի գագաթ

Նորաձևության պոդիումից մինչև փոփ մշակույթի գագաթ

Crocs-ի մեծ վերադարձն ավելի տեսանելի դարձավ նորաձևության աշխարհում և փոփ մշակույթում՝ անսպասելի ճեղքումներով։ Վտանգելով համբավը՝ 2016 թվականին լոնդոնյան նորաձևության շաբաթվա ընթացքում բրիտանացի դիզայներ Քրիստոֆեր Քեյնը պոդիում բերեց մոդելների, որոնք Crocs-երով էին, թեպետ՝ զարդարված փայլող բյուրեղներով և քարերով։ Անսպասելիորեն, այն սկսեց ընկալվել ոչ միայն որպես հարմար կոշիկ, այլև որպես թրենդ:

Հաջորդ համարձակ քայլը Balenciaga-ից էր․ 2017 թվականին նրանք ներկայացրին բարձր (մոտ 10 սմ) հարթակ ունեցող տարբերակը, որն արժեր մոտ $850՝ հաստատելով, որ Crocs-ը բարձր նորաձևության լիգայում է։

Բացի նորաձևությունից, Crocs-ը ակտիվորեն համագործակցեց նաև ամենատարբեր բրենդների և սելեբրիթիների հետ՝ կայծակնային արագությամբ ընդլայնելով իր հռչակը։ Օրինակ, ռեփեր Փոսթ Մալոունը և փոփ աստղ Ջասթին Բիբերը մի քանի անգամ ձևավորեցին իրենց ուրույն Crocs-ները, որոնք թողարկման ժամեր անց միանգամից վաճառվեցին։ Bad Bunny-ն իր հերթին թողարկեց աստղիկներով պատված սպիտակ Crocs-եր, որոնք նույնպես մեծ աղմուկ բարձրացրին։ Crocs-ի համագործակցությունների ցանկը ժամանակի ընթացքում տարածվեց KFC արագ սննդի ցանցից մինչև Disney/Pixar ստուդիան։

Սեզոնի «հիթ»

Սեզոնի «հիթ»

Տարիներ առաջ Crocs-ը թվում էր «տգեղ», այժմ՝ նույն ընկերության հարցումներով Crocs-ն ամերիկյան դեռահասների շրջանում արդեն 8-րդ ամենասիրված բրենդն է։ Նույնիսկ հեղինակավոր British Vogue ամսագիրն օրերից մի օր Crocs-ն անվանեց սեզոնի «հիթ»։ Այս բոլոր փաստերը հաստատում են, որ հարմարավետությունը պաշտոնապես դարձել է նորաձևության նոր չափանիշը, իսկ Crocs-ն այդ շարժման առաջնագծում է։

Crocs-ը մեր առօրյայում. երեխաներից մինչև բժիշկներ

Crocs-ը մեր առօրյայում. երեխաներից մինչև բժիշկներ

Երբ Crocs-ը «լեգենդար» կոշիկ են անվանում, դա միայն մեդիա պիտակ չէ։ Այս սահմանումը նաև միլիոնավոր սովորական մարդկանց կարծիքն է, որոնց առօրյան իսկապես լրացվել է այս կոշիկներով։ Երեխաների համար Crocs-ը դարձել է աշխարհի ամենահարմար կոշիկը:

Մյուս կողմից՝ բժիշկները և բուժքույրերը նույնպես վաղուց բացահայտել են Crocs-ի առավելությունները։ Հիվանդանոցներում, որտեղ ժամեր շարունակ պետք է ոտքի վրա անցկացնել, կոշիկների թեթևությունն ու օրթոպեդիկ հարմարավետությունը իսկական փրկություն են:

Crocs-ը տեղ գտավ նաև խոհանոցներում. շատ խոհարարներ և սննդի ոլորտի աշխատողներ կրում են Crocs Bistro մոդելները, որոնք ստեղծված են հատուկ խոհանոցային պայմանների համար՝ փակ առջևամասով։

Այսօր, իր ստեղծումից շուրջ երկու տասնամյակ անց, Crocs-ը շարունակում է մնալ մշակութային ֆենոմեն։ Այն հաղթահարեց ծաղրն ու ճգնաժամերը՝ վերածվելով երևույթի։ Crocs-ը դարձել է անհատականության, համարձակության և ժամանակների փոփոխության խորհրդանիշը։

նմանատիպ նյութեր

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ