25.04.2025
Զեղչերի շրջանը մի ուրիշ աշխարհ է, ու երբեմն իսկական արկածի է վերածվում։ Ոմանք ամիսներով սպասում ու մանրակրկիտ ռազմավարություն են մշակում, նույնիսկ սպորտային կոշիկներ են հագնում, որ ավելի արագ հասնեն «հենց էն պայուսակին»։ Բայց արդյո՞ք բոլոր զեղչերն են, որ արժանի են նման խելահեղ վազքի, թե՞ կան դեպքեր, երբ պետք է պարզապես շրջանցել դրանք ու չընկնել «թեժ ու վառվող առաջարկի» թակարդները։ Ոլորտի փորձագետներից փորձել ենք պարզել, թե ինչպես կարելի է շոփինգը դարձնել առավել շահավետ՝ օգտագործելով զեղչերի լավագույն հնարավորությունները և խուսափելով ավելորդ ծախսերից։

Զեղչային սեզոնները շոփինգի սիրահարների համար լավագույն հնարավորություններն են ձեռք բերելու տեսականին առավել մատչելի գներով։ Սակայն դա նաև մարտահրավեր է․ պետք է կարողանալ՝ խուսափել անհարկի գնումներից և ճիշտ ընտրություն կատարել։
Հայաստանում՝ տարվա ընթացքում երկու կարևոր զեղչային շրջան կա՝ ամառային և ձմեռային: Cenomi Retail Armenia-ի (ներկայացնում է Zara, Bershka, Stradivarius և այլ բրենդներ) մարքեթինգի մենեջեր Արուսյակ Սաքեյանը խորհուրդ է տալիս խելամիտ մոտեցում ցուցաբերել գնումների հարցում.
«Ինքս ամռանը հաճախ գնում եմ ձմեռվա ապրանքներ ու բազային հագուստ, ոչ թե թրենդային իրեր: Իսկ ձմռանը՝ թարմացնում եմ ամառային պահարանս», – նշում է նա։ «Հաջորդ ամռանը որոշ թրենդային իրեր կարող են նորաձև չլինել, բայց բազային հագուստը՝ որակյալ ջինսեր, պիջակներ, պայուսակներ, միշտ արդիական են»։
Inditex-ի հայաստանյան խանութներում զեղչերը գործում են ամբողջ աշխարհի հետ զուգահեռ։
Ըստ Արուսյակի, Inditex-ի խանութներում զեղչերի գործընթացն ունի իր հստակ մեխանիզմը։ «Առաջին շաբաթն արդեն սկսում ենք զեղչերը, իսկ տոկոսներն աստիճանաբար փոխվում են։ Inditex-ի զեղչերը գործում են միաժամանակ ամբողջ աշխարհում։ «Եթե Zara-ն Իսպանիայում սկսում է զեղչերը, նույն օրը դրանք մեկնարկում են նաև Հայաստանում: Ի դեպ, Zara-ի հայաստանյան խանութներում մոտ 20%-ով նվազել է տեսականու արժեքը, և մենք շարունակում ենք առաջարկել լավագույն գները մեր հաճախորդների համար», – ասում է նա։
Ավելին, շատ հաճախորդներ արդեն սովորել են պլանավորել իրենց գնումները։ «Նկատել եմ, որ մեր հաճախորդները բավականին ինքնակրթվել են. նրանք հետևում են զեղչերին, ունեն նախապես ընտրված իրեր և նույնիսկ հետևում են դրանց գնի փոփոխություններին», – ավելացնում է Արուսյակը:

Դալմա Գարդեն մոլի արտաքին և ներքին կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Չաքարյանի խոսքով՝ մոլում հաճախ կազմակերպվում են հետաքրքիր ակցիաներ և միջոցառումներ, որոնք ուղեկցվում են հատուկ զեղչերով։
«Պարբերաբար կազմակերպում ենք միջսեզոնային զեղչեր և նախապես տեղեկացնում մեր հաճախորդներին տարբեր հարթակներով։ Տարվա ամենասպասված զեղչային իրադարձություններից է, օրինակ, մայիսին անցկացվող Shopping Weekend-ը», – նշում է նա։
Տարիների ընթացքում Shopping Weekend-ը դարձել է Դալմայի այցեքարտերից մեկը՝ վերածվելով ոչ միայն զեղչերի իրական տոնի, այլև շոփինգի սիրահարների սպասված իրադարձության։ Երեք օր շարունակ մոլում տիրում է յուրահատուկ էներգետիկ միջավայր․ խանութները տրամադրում են զեղչեր, կազմակերպվում են հատուկ խաղարկություններ ու ակցիաներ, իսկ ամբողջ տարածքում տիրում է տոնական տրամադրությունը։
«Shopping Weekend-ի ընթացքում մեր այցելուները ստանում են առավելագույնը թե՛ զեղչերից, թե՛ ընդհանուր փորձառությունից», – նշում է Մարիամը։ «Մենք միշտ ձգտում ենք, որ այս միջոցառումը լինի ոչ միայն գնումների, այլև հաճելի ժամանցի առիթ։ Ընդհանուր առմամբ, զեղչերի ժամանակ մոլում ստեղծվում է տոնական միջավայր՝ հաճախ կենդանի երաժշտության ուղեկցությամբ, անակնկալներով ու հետաքրքիր խաղարկություններով»։
Բացի բացառիկ առաջարկներից, Դալման մեծ ուշադրություն է դարձնում հաճախորդների տեղեկացվածությանը՝ օգտագործելով բոլոր հասանելի թվային գործիքները․ «Մենք ակտիվորեն տեղեկություն ենք տարածում մեր սոցիալական հարթակներում, ծանուցումներ ուղարկում, սակայն ամենակարևոր գործիքը մեր հավելվածն է, – ընդգծում է Մարիամ Չաքարյանը։ - Հավելվածի Promotions բաժինը թույլ է տալիս օգտատերերին նախապես ուսումնասիրել բոլոր զեղչերը՝ ֆիլտրված և համակարգված ձևաչափով, իսկ խանութների ցանկում հատուկ նշաններն ընդգծում են հասանելի բոլոր առաջարկները»։
Իսկ «Սիրելի խանութներ» բաժնում օգտատերերը կստանան ծանուցումներ դրանց զեղչերի մասին։ Այս կերպ հաճախորդները կարող են հեշտությամբ պլանավորել իրենց գնումները՝ խնայելով թե՛ ժամանակ, թե՛ գումար, նախապես տեսնելով զեղչերի չափը։

Levi Strauss & Co., Cole Haan, Wrangler & Lee, Puma, New Balance և այլ առաջատար բրենդները ներկայացնող Free Style Group-ի տնօրեն Սոնա Մկրտչյանի խոսքով՝ զեղչային ամենախոշոր շրջանները Հայաստանում համընկնում են սեզոնային փոփոխությունների հետ։
«Հունվարը և օգոստոսը համարվում են տարվա ամենազեղչային ամիսները, քանի որ խանութները ձգտում են ազատել պահեստները նոր հավաքածուների համար։ Սեզոնային զեղչերը սովորաբար սկսվում են 20-30%-ից և աստիճանաբար հասնում մինչև 70-80%-ի», – նշում է նա։
Ուշադրություն դարձրեք տոնական զեղչերին
Բացի ավանդական սեզոնային զեղչերից, վերջին տարիներին Հայաստանում ավելի մեծ տարածում են ստացել նաև միջազգային, այսպես կոչված, առևտրային տոները՝ Black Friday, Cyber Monday, Christmas և New Year Sales։ «Վերջին շրջանում գնորդները սկսել են առավել ակտիվ հետևել նաև Valentine's Day, Back to School և Mid-Season Sales ակցիաներին», – հավելում է Սոնան:
Զեղչերի արդյունավետ օգտագործման համար խորհուրդ է տրվում նախապես պլանավորել գնումները և հետևել խանութների ու բրենդների նորություններին։ «Գնորդները կարող են նախապես ընտրել այն ապրանքները, որոնք ցանկանում են ձեռք բերել զեղչերով, սոցիալական հարթակներում կամ էլեկտրոնային փոստով բաժանորդագրվելով հետևել դրանց գների փոփոխությանը և օգտվել բոնուսային ծրագրերից՝ նախապես կազմելով, անհրաժեշտ ապրանքների ցանկը », – ընդգծում է նա։
Իմացեք՝ որ ապրանքախմբերում են զեղչերը ամենամեծը
Տարբեր ապրանքային կատեգորիաներում զեղչերի չափը տարբեր է։ Հագուստի և կոշիկի զեղչերը կարող են հասնել մինչև 70-80%, հատկապես սեզոնային հավաքածուների փոփոխության ժամանակ։
Կոսմետիկայի և օծանելիքի զեղչերը հիմնականում 20-40% են, սակայն որոշ դեպքերում կարող են լինել ավելի բարձր՝ կապված հատուկ տոների հետ։ Կահույք և տեքստիլ բաժնում սեզոնային փոփոխությունների արդյունքում զեղչերը հաճախ կազմում են 30-50%։ Էլեկտրոնիկան ևս անմասն չի մնում․ տեխնոլոգիական նոր մոդելների հաճախակի թարմացումների պատճառով նախորդ սերնդի սարքավորումների վրա տրամադրվում են զգալի զեղչեր։
Խուսափեք «զեղչային թակարդներից»
Մեծ զեղչերի շրջանում ճիշտ ընտրություն կատարելը երբեմն դժվար է, ուստի Սոնան խորհուրդ է տալիս օգտվել մի քանի հիմնական տարբերակներից:
Հետևել ապրանքների նախնական գներին՝ խուսափելու համար արհեստականորեն բարձրացված և ապա իջեցված զեղչերից։Օգտվել գների համեմատման հարթակներից, որոնք թույլ են տալիս ստուգել միևնույն ապրանքի արժեքը տարբեր խանութներում։Ուշադրություն դարձնել վերադարձի քաղաքականությանը, քանի որ որոշ խանութներ զեղչված ապրանքների համար վերադարձի սահմանափակումներ են դնում։Օգտագործել բոնուսային և լոյալության ծրագրերը, որոնք հաճախ առաջարկում են լրացուցիչ զեղչեր կամ հատուկ ակցիաներ։
Առցանց vs. ֆիզիկական խանութներ
Շատ դեպքերում առցանց խանութները կարող են առաջարկել ավելի մեծ զեղչեր, քանի որ չունեն ֆիզիկական խանութների հետ կապված ծախսերը։ Սակայն վերջին շրջանում նկատվում է միտում, երբ որոշ ապրանքներ ֆիզիկական խանութներում առաջարկվում են ավելի մատչելի գներով՝ մրցակցային առավելություն ստանալու համար։

Զեղչերը, ինչպես արդեն նշեցինք, հաճախ ստեղծում են գայթակղիչ հնարավորություններ, սակայն խելամիտ գնումներ կատարելը պահանջում է սթափ մոտեցում։ Dalma Magazine-ի ոճաբան, Mesani բրենդի հիմնադիր Անի Մեսրոպյանը, խորհուրդ է տալիս զեղչերին մոտենալ ռազմավարական մտածողությամբ՝ առանց պահի ազդեցությանը տրվելու։
«Առաջնահերթ կարևոր է գիտակցված գնումների մշակույթը։ Սա նշանակում է ունենալ նաև իմպուլսիվ գնումներ չկատարելու կարողություն», – ընդգծում է նա, - Պետք է հստակ հասկանալ, թե ինչի իրական կարիքն ունես՝ ելնելով քո ապրելակերպից, առօրյայից և աշխատանքային միջավայրից»։
Կգնեի՞ք, եթե զեղչված չլիներ
Շատ հաճախ մարդիկ գնումներ են կատարում ոչ թե անհրաժեշտությունից ելնելով, այլ զեղչի առկայության պատճառով։ «Լավ կլինի ինքներս մեզ հարցնենք՝ այս իրը կգնեի՞ր, եթե այն զեղչված չլիներ։ Եթե պատասխանը «ոչ» է, ուրեմն դա պարզապես պահի ազդեցություն է. միշտ ասում եմ՝ ուշադրություն դարձրու որակին, նայիր, թե ինչից է պատրաստված հագուստը, ինչպիսին է կարի որակը, արդյոք այն երկարաժամկետ օգտագործման համար է», – նշում է ոճաբանը։
Մի խոսքով, այդքան սպասված զեղչերն իսկապես կարող են լինել հիանալի հնարավորություն խելամիտ գնումներ կատարելու համար, բայց այն դեպքում, եթե մոտենաք դրանց ճիշտ ռազմավարությամբ՝ խուսափելով պահի գայթակղությունից և պահպանեք ձեր անհատական ոճը։