Սպորտային վերնահագուստ, տաբատի ու շրջազգեստի անսպասելի համադրություն, ինդիգո գույնի ջինս և այլ թրենդներ, որոնք արդիական են լինելու 2025-ի գարնանը։
11.04.2025
Սպորտային վերնահագուստ, տաբատի ու շրջազգեստի անսպասելի համադրություն, ինդիգո գույնի ջինս և այլ թրենդներ, որոնք արդիական են լինելու 2025-ի գարնանը։

Սպորտը միշտ է ձգտումորևէ կերպ առնչվել նորաձևության հետ, կամ գուցե հակառակը` նորաձևությունն է ներխուժում սպորտի տարածք:: Այս սեզոնին, օրինակ, խիստ արտահայտված սպորտայինը համադրվում է նույնքան խիստ արտահայտված և ընդգծված նրբագեղության հետ: Վերնահագուստների մեջ ամենաակնառուն սպորտային ոճի պարկա բաճկոնն է, որի նեյլոնից, պոլիէսթերից կամ ջրակայուն ռետինե տարբերակները տարածված են մարզիկների շրջանում: Այս տարի միանգամից մի քանի առաջադեմ բրենդների (Miu Miu, Hermès, Burberry) հավաքածուներում այս սպորտային վերնահագուստը ժանյակավոր շրջազգեստի և զգեստների հետ էին ցուցադրում, ինչը բացահայտում է մեզ այս հագուստի ունիվերսալությունը:

Այս թրենդը ևս մեկ ձոն է սպորտին, այս անգամ չափազանց բարձր արագություններ ունեցող մարզաձևերին: Ֆորմուլա 1-ում վաղուց կան շատ աստղային վարորդներ, որոնց հայտնիությունը չի զիջում այլ մարզաձևերի ներկայացուցիչների փառքին: Թարմ օրինակներից է անցյալ տարվա Մոնակոյի գրան-պրիի հաղթող Շարլ Լեկլերը։ Այս ամենը չէր կարող չանդրադառնալ թրենդների վրա։ 2025-ի Louis Vuitton, Maison Margiela, Christian Dior բրենդների հավաքածուներում արդեն իսկ ներկայացված էին բայքերների ու պիլոտների և՛ բաճկոնները, և՛ այլ թեմատիկ հագուստ: Բաճկոնները կարող են համադրվել ինչպես ամենօրյա ջինսերի հետ, այնպես էլ խիստ կոնտրաստային կոկտելային զգեստների, մինի շրջազգեստների հետ:

Եթե երբևէ երկընտրանքի առջև եք կանգնել` տաբա՞տ հագնել, թե՞ շրջազգեստ, ապա կարծես, թե այս հարցն արդեն լուծված է. հագե՛ք երկուսն էլ: Տաբատ+շրջազգեստ թրենդը միանգամից մի քանի գործոններով է պայմանավորված. նախ՝ այն ձևափոխված վերադարձ է 2000-ականներին, այնուհետև սա հետաքրքիր ադապտացիա է մեր դինամիկ առօրյայի համար: Քաղաքում, թե քաղաքից դուրս` մենք շատ ենք քայլում, և տաբատն, ինչ խոսք, շատ ավելի հարմար է: Չցանկանալով կորցնել այդ հարմարավետությունը, մենք, այդուհանդերձ, կարիք ունենք ինչ-որ էքստրա լրացմանը, այս դեպքում` իդեալական տարբերակ է շրջազգեստը, և նույնիսկ զգեստը: Եվ վերջին գործոնը նորաձևության հետաքրքրությունն է Եվրոպայից դուրս այլ երկրների՝ հանդեպ, օրինակ Հնդկաստանում կանայք վաղուց ու հաճախ են համադրում այս երկուսը միասին։

Յուրաքանչյուր նորաձևության սեզոն ունի դենիմի իր յուրահատուկ գույնը: Այս տարի մուգ (շատ մուգ) կապույտն է, նույն ինքը՝ «ինդիգոն»: Սա շատ սպասելի թրենդ է․ մասնավորապես բոհո և կովբոյական ոճից ներշնչված հագուստը շատ նպաստեց այս գույնի ջինսերի տարածմանը: Ինդիգո ջինսը համադրվում է շագանակագույն բաճկոնների հետ և իդեալական է վեսթերն ոճի համար:

Վանդակավոր պրինտը երբեք չի անհետանում թրենդների շարքից: Տարբեր դրսևորումներով այն տեսնում ենք գրեթե ամենսեզոնին: 2025-ի վանդակավոր must have-ը միանշանակ վերնաշապիկն է: Գույների տեսանկյունից չկա ոչ մի սահմանափակում. սկսած երկտոն կապույտ-սպիտակից մինչև մի քանի երանգներով վանդակները: Հետաքրքիր է, որ նման վերնաշապիկն օգտագործվում է նաև որպես աքսեսուար՝ 1990-ականների ոճով կապվելով ջինսե տաբատի վրա` գոտկատեղին:

Հագուստի վրա տարբեր տեղերում դարսերը, ծալքերը նոր չեն, բայց նորաձևության վերջին սեզոններին այն թրենդի իր գագաթնակետին է հասել: Այն կապ ունի միանգամից մի քանի թրենդների՝ ընդգծված սիլուետի, ասիմետրիայի, դրամատիկ կերպար ստանալու հետ: Երկար, միատոն զգեստ, որն ընդգծում է մարմնի նրբագեղությունն, իսկ դարսերն ու ծալքերը, է՛լ ավելի են սրում կանացիությունը: 2025-ի այս թրենդային զգեստի երկարությունը կարող է լինել և մաքսի, և միդի, և մինի, ցանկությունը ձերն է, սակայն չարժի բաց թողնել թրենդը, որը կընդգծի ձեր առավելությունները:

Քրիստիան Դիորն իր հայտնի Բար պիջակը ներկայացրեց 1947-ին, և ահա, արդեն 78 տարի է, նստեցված, գոտկատեղն ընդգծող այս պիջակները տարբեր ժամանակաշրջանների համար ոգեշնչող մոդել են հանդիսանում: 2025-ին գրեթե յուրաքանչյուր բրենդ նեղ գոտկատեղով իր պիջակի տարբերակն է ներկայացրել:
Նույնիսկ հետաքրքիր է տեսնել, թե որքան արագ ձևափոխում են ստացել պիջակները վերջին 5 տարիների ընթացքում` շատ օվերսայզից մինչև ուղիղ, կարճ, լայն ուսերով և վերջապես այս տարի՝ գոտկատեղն ընդգծող ամենանուրբ և կանացի տարբերակը:

Պայուսակները կարող են լինել ինչպես վառ, հագեցած դետալներով, ծոպերով, մետաղական և ժակարդի գործվածքով, այնպես էլ լակոնիկ, միատոն և բազային գույների: Վզնոցները, թևնոցները կարող են լինել ինչպես արևելյան ոճով ադամանդապատ և վառ արտահայտված ոսկեգույն, այնպես էլ հասարակ, մեծ և պլաստիկ: Գուցե պատճառն այն է, որ աքսեսուարներն ամենահեշտ և կարճ միջոցն են ինքնաարտահայտման և սեփական յուրահատուկությունն ընդգծելու համար: Դուք կարող եք պիջակը զարդարել մի քանի բրոշով կամ օգտագործել ուղղակի նրբաքուղով լակոնիկ վզնոց, և ցանկացած դեպքում կլինեք նորաձև:

Հետաքրքիր է, որ կանացի պահարանի այս հին նմուշներից մեկը նույնիսկ մեր ժամանակներում շարունակում է ձևափոխվել: Եթե նախորդ տարիներին կորսետները իրենց ձևով շատ մոտ էին տոպերին, ապա այս տարի դրանք նմանվել են իրենց բազային տարբերակին` 18-րդ դարի ներքնազգեստի: Սա ռոկոկո ոճի վերադարձի հետևանք է: Մեզ հետաքրքիր է այս ոճում կանանց հագուստի յուրաքանչյուր դետալ, իսկ ամենաշատը` բուդուարային հագուստը, որի անբաժանելի մասն են կորսետները: 2025-ի թրենդային կորսետները կարող են զարդարված լինել բանտերով, թելերով, կապիչներով, և համադրվել նույն բուդուարային թափանցիկ թիկնոցներով:

Այս սեզոնի ընդհանուր թրենդ է նրբագեղության ձգտումը: Եվ ոչինչ այդքան պատկերավոր չի ընդգծում կանացիությունը, որքան սրածայր կոշիկները: Այստեղ անգամ կրունկի սահմանված բարձրություն չկա, նորաձև են և՛ առանց կրունկի, և՛ հայտնի kitten heels-ը: Հատկապես տարածված են տարբերակները, որոնց ետնամասը բաց է և ամրանում է կապիչով: Նման կոշիկները համադրելի են ցանկացած ոճի հագուստի հետ` ջինսե տաբատից մինչև զգեստ: