Կիպրոսը ոչ միայն արևոտ լողափերի երկիր է, այլև հարուստ պատմություն, յուրօրինակ բնություն և մշակույթ ունեցող վայր։ Այստեղ կգտնեք թե՛ պատմական հուշարձաններ, թե՛ բնության անկրկնելի հրաշքներ։ Ահա տասը կարևոր վայրերը, որոնք ձեզ կպարգևեն անմոռանալի տպավորություններ։
Լառնակա
Լառնակայում է գտնվում Կիպրոսի հիմնական միջազգային օդանավակայանը։ Սա ծովափնյա հանգստավայր է, որը հայտնի է իր գեղեցիկ Ֆինիկուդես պողոտայով, Հալա Սուլթան Թեքե մզկիթով և Սուրբ Ղազարոսի եկեղեցով։ Այստեղ կարելի է զբոսնել Աղի լճի ափին, որտեղ ձմռանը վարդագույն ֆլամինգոներ են հավաքվում։
Նիկոսիա
Կիպրոսի խոշորագույն քաղաքը և աշխարհում միակ բաժանված մայրաքաղաքը (սահմանագիծն անցնում է հյուսիսային և հարավային մասերի միջև)։ Այստեղ կարելի է այցելել Կիպրոսի թանգարանը, հին քաղաքը՝ միջնադարյան պարիսպներով, Լեդրա շոփինգային փողոցը։ Նիկոսիան նաև մշակութային կենտրոն է՝ բազմաթիվ պատկերասրահներով, թանգարաններով և թատրոններով։
Լիմասոլ
Կիպրոսի երկրորդ խոշորագույն քաղաքը, որը հայտնի է իր ժամանակակից ծովափնյա հատվածով, գիշերային կյանքով և փառատոներով։ Հնություններից արժե ուսշադրություն դարձնել Լիմասոլի ամրոցին, որտեղ պահպանվում են միջնադարյան թագավորական դամբարաններ։ Քաղաքը հայտնի է նաև որպես գինու արտադրության կենտրոն, որտեղ անցկացվում է ամենամյա Գինու փառատոնը։
Պաֆոս
Կիպրոսի պատմամշակութային զարդը, որն իրավմամբ զբաղեցնում է իր տեղը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում։ Ըստ առասպելների (շատ հին և շատ հունական) այստեղ է ծնվել դիցուհի Աֆրոդիտեն։ Քաղաքից ոչ հեռու կարելի է նույնիսկ տեսնել այսպես կոչված Արոդիտեի ժայռը։ Ասում են, որ ով լողում է այստեղ, կմնա հավերժ երիտասարդ և սիրո մեջ հաջողություն կունենա։ Բացի այդ Պաֆոսում կարելի է տեսնել արքայական դամբարաններ, հնագույն ամֆիթատրոն և խճանկարներով զարդարված վիլլաներ։ Քաղաքը նաև առաջարկում է գեղեցիկ ծովափեր, ձկնորսական նավահանգիստ և հիանալի ռեստորաններ։
Այիա Նապա
Կիպրոսի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկը։ Հատկապես երիտասարդներին այն գերում է իր աշխույժ գիշերային կյանքով։ Այստեղ գտնվում են Եվրոպայի լավագույն լողափերից մի քանիսը (օրինակ՝ Նիսի լողափը և Մակրոնիսոսը)։ Այիա Նապան նաև առաջարկում է ծովային քարանձավներ, ջրային ակտիվ զվարճանքներ և գեղատեսիլ բնություն։
Լեֆկարա
Գեղեցիկ լեռնային գյուղ, որը հայտնի է իր ձեռագործ ժանյակով և արծաթագործությամբ։ Համարվում է, որ Լեոնարդո դա Վինչին այստեղից ժանյակ է գնել Միլանի տաճարի համար։ Գյուղում կարելի է շրջել նեղ փողոցներով, այցելել Ժանյակի թանգարանը և վայելել ավանդական կիպրական կերակուրներ։
Կակոպետրիա
Լեռնային գյուղ Տրոդոսի շրջանում, որը հայտնի է իր ավանդական քարե տներով և միջնադարյան եկեղեցիներով։ Այստեղ կարելի է այցելել Սուրբ Նիկոլաս տիս Ստեգիս եկեղեցին, որը նույնպես ընդգրկված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում։ Գյուղը նաև իդեալական վայր է բնության սիրահարների համար՝ շնորհիվ շրջակա անտառների և գետերի։
Օմոդոս
Գինի սիրողների համար կատարյալ ուղղություն, որը հայտնի է իր հին վանքերով և ավանդական գինեգործությամբ։ Այստեղ կարելի է այցելել Թիմիոս Ստավրոս վանքը, քայլել քարե փողոցներով և փորձել տեղական գինիներ՝ հատկապես Կոմանդարիան։ Գյուղը նաև հյուրընկալում է տարբեր գինու փառատոններ և շուկաներ։
Ֆիկարդու
Կիպրոսի ամենահին բնակավայրերից մեկը, որը հայտնի է իր լավ պահպանված 18-րդ դարի քարե տներով։ Սա լավագույն տեղն է՝ ավանդական կիպրական կյանքը սեփական աչքերով տեսնելու ու զգալու համար։ Ֆիկարդուն նաև առաջարկում է հիանալի լեռնային տեսարաններ և խնամված ուղիներ զբոսանքի համար։
Պլատրես
Տրոդոսի լեռներում գտնվող գյուղ, որը հայտնի է իր զով կլիմայով, ջրվեժներով և զբոսաշրջային արահետներով։ Այստեղ կարելի է այցելել Միլոմերի ջրվեժը, մասնակցել գինու համտեսի տուրերին և վայելել բնությունը։ Պլատրեսը նաև հին վիլլաների և հյուրանոցների կենտրոն է՝ առաջարկելով հանգստի կատարյալ պայմաններ։