Գերմանացի Հորսթ Պ․ Հորսթը իրավմամբ համարվում է ֆեշն լուսանկարչության առաջամարտիկներից մեկը։ 1930-ականներին նա համագործակցում էր Vogue-ի ֆրանսիական ու բրիտանական տարբերակների համար։ Արդեն այդ տարիներին նա հայտնի էր որպես «դրամատիկ լույսի վարպետ»։ Ստուդիայում աշխատելիս, Հորսթը մանրակրկիտ նախապատրաստում էր ամեն դետալ, իսկ մոդելները հստակ հրահանգներ էին ստանում՝ առանց որևէ իմպրովիզի։
Հորսթի ամենահայտնի կադրերից մեկը փարիզյան Vogue-ի ստուդիայում արված «Մեյնբոշեի կորսետն» է, որում մոդելը պատկերված է նյույորքյան կուտյուրյե Մեյն Ռուսո Բոշեի ստեղծած կորսետով։ Դիտողին մեջքով շրջված մոդելն իր դիրքով ավելի շատ հիշեցնում է ոչ թե ժամանակակից կնոջ, այլ անտիկ մարմարե արձան․ Հորսթն իր նկարներում հաճախ էր արտացոլում իր ակնածանքը դեպի հին հունական ֆիզիկական գեղեցկությունը։ «Մեյնբոշեի կորսետում» նաև կարելի է տեսնել Հորսթին հատուկ խիտ ստվերներն ու կոնտրաստային լույսը, որոնք ընդգծում են կորսետի ամեն մի կապ ու ծալք։
Այս աշխատանքը հետագայում առանձնացնում էր նաև ինքը, Հորսթը, քանի որ դա վերջին գործն էր, որ հասցրեց անել Փարիզում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին։ «Ես դուրս եկա ստուդիայից առավոտվա 4-ին, գնացի տուն, վերցրեցի պայուսակներս ու նստեցի ժամը 7-ի գնացքը դեպի Հավր, որն նստեմ Normandie լայները։ Այս լուսանկարն անելու ընթացքում ես անդադար մտածում էի այն ամենի մասին, ինչ թողնելու եմ հետևում․․․»
Լուսանկարն ունի երկու տարբերակ՝ «Ձիգ» և «Թույլ», որոնք տարբերվում են միայն կորսետի համապատասխանաբար ձիգ ու թույլ կապով։

