Չնայած այն փաստին, որ Քրիստիան Լոբուտենի կոշիկները հայտնի էին դեռ 1980-ականներից, նրանք համաշխարհային փառքի հասան 1990-ականների վերջից մինչև 2010-ականները: Նրա բրենդի կոշիկները սպառվում էին շատ արագ, այս կոշիկներին երգեր էին ձոնվում, նրանց կրկնօրինակում էին, և անգամ աղջիկները կարմիր լաքով ներկում էին տակացուն, որպեսզի կոշիկը նմանվի հայտնի բրենդին:
2020-ի քովիդային համավարակը փորձեց վերջ դնել կրունկների հաղթարշավին: Տանը փակված կանայք նախընտրում էին հարմարավետ հողաթափերը: Թվում էր, թե այս իրավիճակը ձգվելու է շատ երկար: Շատ ամսագրեր կանխատեսում էին կանացի պահարանի վերաիմաստավորում: Բայց մարդկությունն իրականում «անուղղելի է»: Մեր կյանքի այս կարճ ժամանակաշրջանը թույլ տվեց հասկանալ, որ կյանքն իրականում շատ կարճ է, պետք է հասցնել վայելել և տոն դարձնել ամեն օրը: Այդպես, 2021-ին խանութներ վերադարձան նախ վառ հագուստները, այնուհետև` բարձրակրունկ և տոնական կոշիկները, զարդարված փետուրներով, քարերով, բանտերով: Իզուր չէ, որ 2024 թվականի թրենդային կոշիկներից մեկը դասական սրածայր բարձրակրունկն է, և կարծես, թե բարձրակրունկ կոշիկներն այդպես էլ երբեք չեն լքելու կնոջ պահարանը: Վերսաչեի Medusa Aevitas վարդագույն մետաքսյա կոշիկները հայտնվեցին 2021 թվականին և անմիջապես դարձան թրենդային:
Ստեղծվելով, մեծամասամբ որպես տղամարդկանց պահարանի մաս, կրունկով կոշիկները դարերի ընթացքում սահուն անցան կանացի պահարան, սակայն տղամարդիկ առ այսօր չեն հանձնվում և փորձում են կրունկը վերադարձել։ Ավելի շատ համարձակ են գտնվում արվեստի բնագավառի մարդիկ։ Հայտնի դերասան Ջարեդ Լետոն և Հարի Ստայլզը, Գուչիի հետ համագործակցելով, հաճախ իրենց հագուսների հետ հագնում են բարձրակրունկ կոշիկներ։ Ուկրաինական հայտնի Kozaky պարի խումբը ապացուցեց, որ տղամարդիկ ոչ միայն կարող են բարձրակրունկների վրա քայլել, այլև պարել։
Քաղաքական գործիչներն ևս օգտագործում են կրունկի ուժը` մի քանի սանտիմետր բարձրահասակ երևալու համար։ Այդ առումով տարբերվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որին լրագրողները կասկածում էին կրկնակի կրունկ օգտագործելու մեջ, որպեսզի ավելի բարձրահասակ երևա, իսկ Չեչնիայի առաջնորդ Կադիրովն անթաքույց հագնում է Պրադա բրենդի բանակային ոճի կրունկով կոշիկները։ Այդ կոշիկներն ունիսեքսն են և արժեն ավելին, քան 1000€։