Ստեղծվելով բացառապես մեկ տեղանքի աշխատողների համար, Levi’s ջինսերը համաշխարհային ճանաչման հասան՝ ԱՄՆ-ից տարածվելով ամբողջ աշխարհով մեկ: 1960-ականներից սկսած բրենդի ջինսերը հագնում էր ըմբոստացող երիտասարդությունը, իսկ 1983-ին Levi’s-ն արդեն հարյուրավոր պաշտոնական խանութներ բացեց եվրոպական քաղաքներում: Ջինսի ալիքն այնքան հուժկու էր, որ դրա արձագանքները հասան նաև աշխարհին ոչ այնքան բաց Խորհրդային Միություն։ Նույնիսկ այստեղի երիտասարդները չէին կարող բաց թողնել նման նորաձև հագուստը: Այլ հարց է, թե ինչպես էր ջինսերն ու այլ «իմպրտնի» հագուստը ներթափանցում երկաթյա վարագույրից այս կողմ:
Չնայած նրան, որ ԽՍՀՄ ից Եվրոպա գնալու թույլտվություն քչերն ունեին, սակայն ով վերադառնում էր, անպայման իր հետ մի քանի զույգ ջինս էր բերում` իր տաբատի տակից հագած, մարմնի վրա փաթաթած, ճամպրուկի տակ կրկնակի գաղտնի տեղում պահած: Այդ ջինսերը հետո մի քանի անգամ ավել գնով էին վաճառվում: Պետությունը գաղտնի վերավաճառողների դեմ պայքարում էր ինչպես կարող էր՝ որին տուգանելով, որին աքսորելով: Փորձեցին նաև կազմակերպել սեփական ջինսերի արտադրությունը, որոնք կրկնօրինակում էին Levi’s-ի տաբատների ձևը, սակայն որակն, իհարկե, շատ զիջում էր օրիգինալին: Մարդիկ նման ջինսեր գնելիս տանն ինքնուրույն փորձում էին կատարելագործել՝ եռացնելով և գունավորելով:
Ամեն ինչ փոխվեց ԽՍՀՄ-ի փլուզվումից հետո: Ջինսերը սկզբում հայտնվեցին «կոմիսիոներում» որոնք սեքընդ հենդի և սովորական խանութի խառնուրդ էին, իսկ ավելի ուշ մարդիկ գնում էին որևէ մեկի տուն, որովհետև տվյալ մարդը ծանրոց էր ստացել ԱՄՆ-ից, և այնտեղ միանշանակ կլիներ մի քանի զույգ Levi’s:
Վերջին երկու տասնամյակում Levi’s ջինսերը դարձել են հասանելի բոլորին, աշխարհի ցանկացած կետից կարող ես պատվիրել և գնել ցանկացած մոդել, կամ պարզապես այցելելն Երևանում գործող պաշտոնական խանութ:
Այսօր Levi’s բրենդը (ի դեպ, ընկերությունը մինչ օրս ղեկավարում են Լիվայ Ստրաուսի ժառանգները) վաճառում է ոչ միայն ջինսե տաբատներ, այլև պիջակներ, այլ հագուստ և աքսեսուարներ: Անփոփոխ է մնում միայն որակը և այս ջինսերի մասին պատկերացնումները, եթե ուզում ես որակյալ ջինե տաբատ, ապա առաջին բրենդը, որ մտքովդ անցնում է, Levi’s-ն է։ Այդ տաբատներն անցել են 170 տարվա փորձաքննություն: