17.05.2025
Ականջօղերը երկար ճանապարհ են անցել՝ հասնելով մեր օրեր ու դառնալով նորաձևության անբաժանելի մասը: Ժամանակի ընթացքում փոխվել է նշանակությունը, ձևը, ոճը, չափը, նյութը, և այսօր դրանք
մեր ամենասիրված աքսեսուարներից են: Բայց ինչպե՞ս է ստացվել, որ այս կլորակները կարողացան դիմակայել նորաձևության բոլոր փոփոխություններին:
Ականջօղերն ունեն հարուստ և բազմադարյա պատմություն. ապացույցներից ամենահինն էցին է՝ մումիան, որն ապրել է շուրջ 5,300 տարի առաջ: Երբ նրան հայտնաբերեցին և սկսեցին ուսումնասիրել, պարզվեց՝ նրա ականջների հատվածում բավական մեծ անցքեր են եղել: Այո՛, էցին էլ էր ականջօղեր կրում:
Առաջին հնագիտական հայտնագործությունները մեզ տանում են դեպի մ.թ.ա. 2900-2350 թվականներ, որտեղ թրենդում էին շումերների ականջօղերը՝ կիսալուսնաձև կամ շրջանաձև: Հարգարժան շումերներներն ուրախ կլինեին բացահայտել, որ մեր թվարկության 21-րդ դարում այս ձևը կրկին ակտուալ է: Այն տարբերությամբ, որ շումերների համար օղերը պարզապես զարդեր չէին, այլև սոցիալական կարգավիճակի խորհրդանիշ: Մետրոպոլիտեն թանգարանում ցուցադրված շումերական այս ականջօղերը բնորոշ են թագավորական դամբարաններում հայտնաբերվածներին՝ պատրաստված ոսկե թերթիկներից և ձևավորված որպես կիսալուսիններ։
1923 թվականին, երբ հայտնաբերվեց Թութանխամոնի մումիֆիկացված մարմինը, հետն էլ նշմարվեցին նրա դակված ականջները:Ավելին, դամբարանում գտնվեցին նաև ականջօղեր, որոնք հավանաբար խորհրդանշում էին նրա բարձր կարգավիճակն ու կապն աստվածների հետ: Իսկ Հին Եգիպտոսում հենց
այս տեսակը տարածված էր մ.թ.ա. մոտ 1500 թվականին: Եգիպտացիները ոսկուն արտասովոր նշանակություն էին տալիս՝ հավատալով, որ այն ներկայացնում է իրենց աստվածների մարմինը և կրում արևի ջերմությունն ու լույսը: Շրջանաձև ականջօղերը իրենց հերթին խորհրդանշում էին կյանքի և բնության ռիթմերն ու շրջապտույտները, ինչպես նաև իշխանություն և հարստություն: Ամենահետաքրքիրը՝ ականջօղերը կրում էին ոչ միայնտղամարդիկ և կանայք,այլև… կատուները: Եվ քանի որ կատուները սուրբ էին համարվում, նրանց զարդարելն ընդգծում էր նաև նրանց բարձր կարգավիճակը: Հին հույների համար ևս ոսկե օղակները համարվում էին սրբազան՝ կրողին մոտեցնելով աստվածներին: Սանտորինի կղզու հայտնի որմնանկարները,որտեղ պատկերված են ականջօղեր կրող կերպարներ, վկայում են, թե որքան սիրված և նորաձև էին դրանք Հին Հունաստանում:
Հռոմեական արիստոկրատիայի շրջանում մ.թ. առաջին դարում ոսկե ծանր զարդերը համարվում էին նորաձևության գագաթնակետ։ Մասնավորապես, կանայք կրում էին մարգարտե ոսկե ականջօղեր։
Պոմպեյում հայտնաբերված ականջօղերը, զարդարված խաղողի ողկույզի նման չմշակված զմրուխտներով և մարգարիտներով, այդ ժամանակի շքեղության իրական վկայությունն են։
Հռոմեացի փիլիսոփա Սենեկան բողոքում էր. «Տեսնում եմ, որ յուրաքանչյուր ականջին միայն մեկ մեծ մարգարիտ ամրացնելով չեն բավարարվում»։ Կլեոպատրան ուներ մարգարտե ականջօղեր, որոնք համարվում էին աշխարհի ամենաթանկարժեք զարդերը։ Դրանցից մեկը թագուհին հետագայում լուծել է քացախի մեջ և խմել՝ իր սիրելի Մարկոս Անտոնիոսին ապացուցելու համար, որ ճոխությունն իր համար սահմաններ չուներ։ Լեգենդի համաձայն՝ Կլեոպատրայի մահից հետո նրա երկրորդ մարգարիտը կիսել են երկու մասի և կախել Հռոմի Պանթեոնում գտնվող Վեներայի արձանի ականջներից։
Հայաստանում ևս տարածում ուներ ականջօղերի հենց այս ձևը։
Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում ներկայացված են Ք.ա. VIII–VII դարերից պահպանված ոսկե մահիկաձև ականջօղեր, որոնք գտնվել են Կարմիր բլուրում։ Այս զարդերը վկայում են, որ դեռևս հնագույն ժամանակներից հայ կանայք և տղամարդիկ օգտագործել են ականջօղեր՝ որպես սոցիալական դիրքի, կրոնական պատկանելության և գեղագիտական նախասիրությունների արտահայտում։Միջին դարերում ականջօղերին փոխարինելու եկան մատանիները, վզնոցները, բրոշները, կախազարդերը, քանի որ այդ ժամանակաշրջանին բնորոշ մեծ գլխարկներն ու սանրվածքները հաճախ փակ էին պահում ականջները։Բացի այդ, 13-րդ դարում եկեղեցին արգելեց ականջների դակումը՝ համարելով այն անընդունելի։ Հետևաբար, որոշ ժամանակ ականջօղեր կրում էին միայն գողերը կամ ցածր դասի ներկայացուցիչները, ինչը զգալիորեն նվազեցրեց դրանց տարածումը։Այնուամենայնիվ, թվում է, որ եկեղեցին ինչ-որ կերպ անտեսել էր Աստվածաշնչում ականջօղերի բազմակի հիշատակությունը։ Օրինակ՝ Եզեկիել 16։1-ում գրված է՝ «Քթիցդ ու ականջներիցդ օղեր կախեցի և գլխիդ գեղեցիկ պսակ դրեցի»։ Նշված «ականջօղերը» խորհրդանշում են Աստծո օրհնությունը։
Այս ժամանակաշրջանը շրջադարձային էր, քանի որ ականջօղերը դուրս եկան միայն հասարակական կամ սոցիալական կոնտեքստից և սկսեցին ընկալվել որպես անհատական ոճի արտահայտչամիջոց։ Այս աքսեսուարը կրկին լայն տարածում գտավ նաև տղամարդկանց շրջանում։ Ուիլյամ Շեքսպիրի ականջօղով հայտնի դիմանկարը գրեթե բոլորս ենք հիշում։
Ականջօղերը հաղթական վերադարձ կատարեցին Վերածննդի շրջանում։ Այդ ժամանակ փոխվեցին սանրվածքները, և դա հանգեցրեց փոքր ականջօղերի հանրահռչակմանը։ Բարձր խավի ներկայացուցիչ կանայք նորից սկսեցին զարդարել ականջները, իսկ մարգարիտները դարձան նորաձևության վերջին ճիչը՝ խորհրդանշելով շքեղություն և սոցիալական բարձր դիրք։ Յան Վերմեերի հայտնի կտավը՝ «Մարգարտե ականջօղով աղջիկը», լավագույնս արտացոլում է այդ շրջանի մթնոլորտը՝ ընդգծելով աղջկա նրբությունն ու անմեղությունը։
Վիկտորյանական դարաշրջանում ականջօղերը կրկին երկրորդ պլան մղվեցին, և պատճառը կրկին նորաձև սանրվածքներն էին, որոնք փակում էին ականջները՝ զարդերը դարձնելով գրեթե անտեսանելի։
Սակայն 1860-ականներին ականջօղերը, հատկապես կախազարդերը, հաղթական վերադարձ կատարեցին։ Թագուհի Վիկտորյան հաճախ կրում էր բավականին մեծ կախազարդեր, որոնք զարդարված էին թանկարժեք քարերով։ Նրա ոճը զգալի ազդեցություն ունեցավ դարաշրջանի նորաձևության վրա՝ ոչ միայն Միացյալ Թագավորությունում, այլև ողջ Եվրոպայում։
20-րդ դարում ականջօղերը դարձան նորաձևության հիմնական տարրերից՝ հասանելի լինելով ցանկացած նախասիրության, բյուջեի և առիթի համար։ Դժվար է հստակ նշել, թե որ ապրանքանիշն է առաջինը ներկայացրել ականջօղերի իր հավաքածուն՝ հաշվի առնելով զարդերի ստեղծման դարավոր պատմությունը։
Tiffany & Co.-ն, որը հիմնադրվել է 1837 թվականին, առաջիններից էր, որ էական դեր խաղաց շքեղ զարդերի աշխարհի ձևավորման մեջ՝ դառնալով ամերիկյան նրբագեղության խորհրդանիշ։ 1862 թվականին ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնը յուրահատուկ ժեստ կատարեց՝ Tiffany & Co.-ից մարգարիտներով վզնոց և ականջօղեր գնելով իր կնոջ համար։ Մերի Թոդ Լինքոլնն այդ շքեղ զարդերը կրեց նախագահի երդմնակալության ընդունելության ժամանակ։ Այս պատմական պահը հաստատեց Tiffany & Co.-ի բացառիկ դերն ու տեղը բարձր նորաձևության աշխարհում։
Այնուամենայնիվ, ամենահին և ամենահեղինակավոր բրենդերը, ինչպիսիք են Cartier-ը և Tiffany & Co.-ն, դարեր շարունակ ստեղծել են ականջօղերի բացառիկ տեսականի՝ դառնալով շքեղության իսկական խորհրդանիշներ։Cartier-ն, որ հիմնադրվել է 1847 թվականին, արագորեն դարձավ նրբագեղության և թագավորական շքեղության հոմանիշ։ Նապոլեոն III-ի քույրը՝ արքայադուստր Մաթիլդան, առաջինն էր, ով գնեց Cartier-ի զարդերից՝ թագավորական հմայքով ճանապարհ հարթելով ապրանքանիշի փառահեղ զարգացման համար։
Van Cleef & Arpels-ը, որը հիմնադրվել է 1896 թվականին Փարիզում, հայտնի է իր բացառիկ արհեստագործությամբ և թանկարժեք քարերի նորարարական օգտագործմամբ։ Այս բրենդը տարիների ընթացքում դարձել է շքեղության, ոճի և նրբագեղության խորհրդանիշ։ Նրանց խորհրդանշական Alhambra ականջօղերը, որոնք ստեղծվել են 1968 թվականին, դասական են դարձել։ Անցյալ տարի այս ականջօղերը թոփ 5 ամենաթրենդային աքսեսուարների ցանկում էին։
20-րդ դարի առաջին կեսին Լուի Կարտիեն ստեղծեց Trinity շարքը, որը առ այսօր հանդիսանում է Cartier-ի խորհրդանշական զարդերից մեկը։ Սպիտակ, դեղին և վարդագույն ոսկու երեք շարժական օղակները խորհրդանշում են ընկերություն, սեր և հավատարմություն։
1920-ականներին Կոկո Շանելը որոշեց հեղափոխություն անել նաև զարդերի աշխարհում՝ ներկայացնելով լայն հասարակությանը հասանելի աքսեսուարներ։ Նա կոտրեց այն գաղափարը, թե շքեղությունը պետք է սահմանափակվի միայն թանկարժեք քարերով և մետաղներով։
Cartier-ի ականջօղերի սիրահարների ակումբում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ուելսի դքսուհի Քեյթ Միդլթոնը։ Նա հաճախ է երևում հանրության առջև այս բրենդի նրբագեղ զարդերով։ Առիթներից մեկի ժամանակ Քեյթը կրում էր Եղիսաբեթ II թագուհու սիրելի մարգարտե ականջօղերը։ Այս զարդերը ստեղծվել են 1929 թվականին՝ որպես հարսանեկան բացառիկ նվեր թագուհուն իր ծնողների կողմից։
Bulgari-ն հիմնադրվեց 1884 թվականին Հռոմում՝ դառնալով համաշխարհային շքեղության և համարձակ դիզայնի խորհրդանիշ։ Բրենդը հայտնի է իր գունագեղ, արտահայտիչ ոճով, որը միշտ տարբերվել է իր համարձակությամբ և նրբագեղությամբ։ Նրանց Serpenti Viper ականջօղերը, որոնք ներկայացնում են փաթաթված օձի մոտիվը, վառ վկայություն են Bulgari-ի նորարարական և համարձակ մոտեցմանը։ Օձային այս դիզայնը սկզբնապես նախագծվել է 1948 թվականին, բայց ժամանակի ընթացքում դարձել է դասական։ Ի դեպ՝ օձի տարում այս ականջօղերը հատկապես ակտուալ կլինեն՝ խորհրդանշելով վերածնունդ, կենսունակություն և ուժ։
20-րդ դարի երկրորդ կեսին ականջօղերի աշխարհն իսկական մշակութային պայթյունի ականատեսը եղավ։ Այս ժամանակաշրջանում դրանք վերածվեցին ինքնարտահայտման հզոր միջոցի, որն արտացոլում էր կրողի անհատականությունը, երաժշտական նախասիրությունները և սոցիալական դիրքորոշումը։
1970-ական թվականներին փանք ռոքի և փոփ արթի շարժումներն արմատապես փոխեցին նորաձևության մեջ ականջօղերի դերը։ Ապստամբական ոճն արտացոլվում էր գնդասեղներով, քորոցներով, շղթաներով և մեծ չափերի ականջօղերով, որոնք դարձան սոցիալական նորմերի դեմ պայքարի վառ խորհրդանիշ։ Այս զարդերը խոսում էին ազատության, անհատականության և հասարակական կարծրատիպերին մարտահրավեր նետելու մասին։
Ռոքը և հևի մեթալը նույնպես առանցքային դեր խաղացին ականջօղերի էվոլյուցիայում՝ դառնալով համարձակ ինքնարտահայտման հարթակ։ Այս ժանրերի ներկայացուցիչները շարունակեցին խախտել սահմանները՝ ընտրելով ականջօղեր, որոնք հաճախ արտացոլում էին երաժշտության հզոր ու անզիջում ոգին։ Led Zeppelin-ի և Kiss-ի լեգենդար անդամները նորաձև դարձրին մեծ շրջանաձև ականջօղերը, խաչերը, աստղիկներն ու այլ համարձակ դիզայններ։ Այս աքսեսուարները դարձան ռոք աստղերի կերպարի անբաժանելի մասը՝ ընդգծելով նրանց կյանքի հանդեպ ունեցած յուրօրինակ, հակակշիռային մոտեցումը։
Ի դեպ, ինքնարտահայտման այս միջոցը շարունակում է արդիական մնալ մինչ օրս՝ թե՛ ռոք, թե՛ փոփ երաժշտական աշխարհում։ Ժամանակակից աստղերը հաճախ լրացնում են իրենց բեմային կամ առօրյա լուքերը ականջօղերով՝ վերածելով դրանք բրենդային դետալների։
1990-ականներին և 2000-ականներին, հիփ-հոփ մշակույթը բերեց ականջօղերի նորաձևության նոր ալիք։ Ռեփերներն ու հիփ-հոփ արտիստները սկսեցին համադրել մեծ ոսկյա շղթաները և մատանիները ականջօղերի հետ, որոնք դարձան ինքնության, կարգավիճակի և հիփ-հոփ համայնքին պատկանելու վառ խորհրդանիշներ։
Հատկապես ադամանդե ականջօղերը արագորեն դարձան հիփ-հոփ աստղերի կերպարի կարևոր մաս՝ վկայելով ոչ միայն նրանց ճաշակի, այլև ֆինանսական հաջողության մասին։ Այս նորաձևության ալիքը տարածվեց նաև մոդայի ու փոփ մշակույթի այլ ոլորտներում՝ ամրապնդելով ականջօղերի դերը որպես ուժեղ ինքնարտահայտման միջոց։
Տարբեր մշակույթները, ենթամշակույթներն ու շարժումները նպաստեցին ականջօղերի դիզայնի անսահման բազմազանության և նորարարության զարգացմանը՝ ստեղծելով արտահայտիչ և յուրահատուկ ոճեր, որոնք մինչ օրս շարունակում են ներշնչել դիզայներներին:
Անցյալ տարի նույնիսկ ալարկոտները չէին կարող չնկատել Bottega Veneta-ի արցունքի կաթիլաձև ականջօղերը, որոնք բառացիորեն գերեցին համաշխարհային նորաձևության սիրահարներին: Հեյլի Բիբերը, Քենդալ Ջենները, Քայլի Ջենները և Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին կարծես դարձան այս թրենդի պաշտոնական դեսպանները՝ ներկայացնելով կաթիլաձև ականջօղերի պարզ և շքեղ նրբագեղությունը:
Bottega Veneta-ի պաշտոնական կայքում այս ականջօղերը ներկայացված են որպես "Small Drop Earrings" (880 ԱՄՆ դոլար) և "Large Drop Earrings" (1,350 ԱՄՆ դոլար): Այս ականջօղերը, ինչպես կասեն անգլերեն, այնքան viral դարձան՝ արագորեն գրավելով նորաձևության աշխարհի բոլոր անկյունները, որ թրենդի հաջողությունը հանգեցրեց նաև ավելի մատչելի այլընտրանքների ի հայտ գալուն. նմանակները հասանելի դարձան Primark-ից մինչև Wildberries, դարձնելով այս աքսեսուարը հասանելի գրեթե բոլորին։
Ինչպես արդեն նշեցինք, շրջանաձև ականջօղերը շարունակում են մնալ նորաձևության մեծ բեմում նաև 2025-ին: Եթե հիշում եք Ջենիֆեր Լոպեսի խորհրդանշական մեծ օղակաձև ականջօղերը, որոնք դեռ 2003 թվականին դարձան նրա ոճի անբաժանելի մասը, ապա իմացեք՝ այս միտումը վերադարձել է ամբողջ ուժով:
Բայց սպասեք՝ մինչ Ջենիֆերը, եկեք չմոռանանք, որ այս ականջօղերն իսկապես սիրված էր դարձրել լեգենդար Շադեն՝ իր յուրահատուկ ոճով ու ներկայությամբ: Այսպես, շրջանաձև ականջօղերն անցյալից գլորվեցին դեպի նորաձևության ապագա՝ շարունակելով գրավել բոլոր ժամանակների և սերունդների ֆեշնիստաների սրտերը:
Ականջօղերն առանց դակոցի, կամ քաֆերը, կշարունակեն մնալ թրենդային և սիրված նորաձևության աշխարհում նաև այս տարի: Դրանք հարմար են բոլորի համար՝ անկախ սեռից ու տարիքից. համարձակից մինչև նուրբ, արծաթ կամ ոսկի, հաստ կամ նրբագեղ՝ յուրահատուկ լրացում ցանկացած լուքի համար։
Գրեթե բոլոր հայտնիներին արդեն կարելի է տեսնել օղակներով՝ անկախ լուքի ոճից կամ առիթից:
Այս տարի նորաձև են լինելու նաև գունավոր քարերով ականջօղերը, երկրաչափական տարբեր ձևերը և երկար կախազարդերը, որ հիշեցնում են մեզ՝ նորն իրականում լավ մոռացված հինն է:
Բայց ի՞նչն է առավել կարևոր: Ականջօղերը մեր պատմությունն ու հիշողությունն են՝ մեր ոճի, ինքնության, անհատականության և անցյալի արձագանքը: Ականջօղերը մեր ինքնատիպության արտահայտչամիջոցն են, մեր ընտրության արտահայտումն ու խիզախության մարմնավորումը, անցյալից ժառանգած շրջանակները, որ մեզ կապում են նոր ու անհայտ ապագային: