2022 թվականին Դալման սոցիալական մի շարք նախագծերի սկիզբ դրեց։ Դալմայի CSR (Corporate social responsibility) 2022 ռազմավարության առանցքում հայտնվեցին ապագան ու զարգացումը։ Այդ նպատակով ընտրվեցին առանցքային ուղղություններ․ հայրենիքի պաշտպանություն, երեխաների զարգացում, կրթություն, էկոլոգիա։
Դալմայի նախկին նախագծերից ամենանշանակալիներից էր «Կողբ» հիմնադրամի հետ համագործակցությունը, որի շրջանակներում իրականացվել էր մեծ ծառատունկ։ Այսօր Կողբում արդեն կա «Դալմայի» անվան պուրակ։
Դալման WWF Armenia-ի հետ համատեղ մեծ էկոարշավ իրականացրեց։ Արշավի շրջանակներում 2 շաբաթ շարունակ Դալմայում տեղի ունեցան մի շարք թեմատիկ միջոցառումներ։ Ամերիաբանկի ու WWF (World Wide Fund for Nature)-ի հետ հայտարարվեց էլեկտրական հեծանիվների մրցույթ, որի ընթացքում Դալմայում տեղադրված 12 էլեկտրական հեծանիվների միջոցով գեներացված էլեկտրաէներգիան ուղարկվեց ՀՀ մարզերի մի քանի դպրոցներ:
Առաջիկայում Դալմայում կտեղադրվեն հատուկ թափոնամաններ, որոնց միջոցով հաճախորդները կկարողանան տեսակավորել աղբը։
Դալմայի 10-ամյակի առթիվ մեծ միջոցառումների փոխարեն ստորագրվեցին հուշագրեր, որոնցով սկիզբ դրվեց երկարատև համագործակցությունների։
Դալման հուշագիր կնքեց Զինծառայողների ապահովագրության hիմնադրամի հետ։ Ըստ հուշագրի, Դալման պարտավորվեց բոլոր գովազդային կրիչներից գոյացած հասույթի 10%-ն ամեն ամիս նվիրաբերել հիմնադրամին։
10-ամյակի CSR միջոցառումների շրջանակում հուշագիր կնքվեց «Բարի մամա» հասարակական բարեգործական կազմակերպության հետ՝ սկիզբ դնելով ավելի սերտ համագործակցության, որի շրջանակներում Դալման սահմանամերձ մարզերում բնակվող երեխաների զարգացմանն ու բարեկեցությանն ուղղված ծրագրերում շարունակական կերպով իր աջակցությունը կցուցաբերի:
Դալման հուշագիր կնքեց «Հայաստանի մանուկներ» (COAF) բարեգործական հիմնադրամի հետ։ Հուշագրով սկիզբ դրվեց շարունակական համագործակցության, որի շրջանակներում հիմնվեց «Դալմա Գարդեն մոլ» կրթաթոշակը։ Հուշագրի շնորհիվ նաև սկիզբ դրվեց մարզերում ապրող երիտասարդների զարգացմանն ուղղված ծրագրերում համատեղ աշխատանքին։
Դալման մյուս նախագիծն իրականացնելու համար համագործակցության հուշագիր կնքեց «Ազնավուր» հիմնադրամի և «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի հետ։ Դալման միացավ «Զինվորի տան» շահառուների բիզնես նախագծեր ֆինանսավորելու հիմնադրամի նախագծին ու ֆինանսավորեց 4 բիզնես նախագծեր։
Ամանորին Դալման և «Բարի մամա» ՀԿ-ն կրկին միավորում են իրենց ուժերը շատ կարևոր նպատակի համար։ Հերթական ամանորյա փաթեթը գործընկերներին նվիրելու փոխարեն, Դալման նվերներ կուղարկի սահմանամերձ գյուղերի փոքրիկներին։ Բոլոր այն գործընկերները, ովքեր կստանան ամանորյա բացիկը, կմիանան այս գործին ու փոքրիկների Ամանորը կդարձնեն շատ ջերմ ու անմոռանալի։
154 երեխա Տեղ գյուղական համայնքից և 158 երեխա Արցախի գյուղերից կարմիր պարկով կստանան իրենց ամանորյա նվերը։ Պարկում ներառված տաք հուդիները կարվել են «Բարի մամա» ՀԿ-ի «Բարի կար» նախաձեռնության մեջ ներգրավված մայրիների կողմից։ Բացի այդ պարկում կլինեն խաղեր ու «համեղ» նվերներ։ Շատ գործընկերներ նույնպես միացել են այս նախաձեռնությանը՝ նվեր կամ նվերի ձեռքբերման արտոնյալ պայմաններ տրամադրելով։
Դալման այս տարին կամփոփի երեխաներին նվիրված մեկ այլ նախագծով։ Սյունիքի սահմանամերձ գյուղերից ժամանած 30 երեխաներ 2 օր շարունակ կլինեն Երևանում, կվայելեն Դալմայում ու Դալմայից դուրս տարածվող ամանորյա տրամադրությունը։
2023-ին այս նախագծերը շարունակվելու ու նոր թափ են ստանալու։ Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին մեր կողքին լինելու և այս կարևոր գործին աջակցելու համար։
Թող 2023-ը առողջ, հաջող ու խաղաղ տարի լինի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։