Աշնանային թրենդներ 2022

Բլոգում կարող եք կարդալ այս տարվա ակտուալ գույների, կտորների, բրենդների առաջարկների մասին, ինչպես նաև` իմանալ, թե ինչպես կարելի է ունենալ բյուջետային, բայց՝ շատ նորաոճ զգեստապահարան։
26.09.2022

Այս տարի գունային առումով խելահեղ վառ գարուն-ամառ հավաքածուներ ունեցանք: Իհարկե, գույները ոչ մի տեղ չեն գնացել, սակայն, երբ պոդիումային հագուստը բախվում է իրականության հետ, ցավով հասկանում ես, որ վառ մանուշակագույն կոստյումով չես կարող գնալ բանկ աշխատանքի, կորսետով զգեստն անհարմար է գրասենյակային աշխատանքի համար, ուլտրակարճ կիսաշրջազգեստով ուսուցչուհին 7-ի Ա դասարանու՞մ ... այ-այ-այ: 

Թվում է, թե մենք պետք է ընտրություն կատարենք նորաձևի և պրակտիկի միջև, թվում է, թե պրակտիկը չի կարող լինել գեղեցիկ: Դա միֆ է. նորաձևությունն այնքա՜ն բազմերանգ է, այնքա՜ն տարբերակներ է առաջարկում, որ հավատացե՛ք, հեշտությամբ կարելի է ունենալ նորաձև, հարմարավետ, համադրելի պահարան և, որ ամենակարևորն է, այդ հագուստն ադապտացված կլինի հայաստանյան եղանակին և կնոջ կյանքի ռիթմին:



Կոստյում եռյակ

 

Արդեն մի քանի սեզոն է, դասական ժիլետը թրենդային հագուստների թոփում է: Բլոգերներն ու ոճաբաններն առաջարկում են այդպիսի ժիլետը հագնել մերկ մարմնի վրա որպես տոպ, սակայն պրակտիկ զգեստապահարանում դասական ժիլետը կարելի է համադրել բամբակյա, մետաքսյա կամ եթերային բլուզների հետ։ Իսկ առաջարկված տարբերակով այն կարելի է հագնել երեկոյան կամ ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ :

Չնայած նրան, որ տարբեր կազմվածքով կանանց կարող են տարբեր տաբատներ սազել, վստահեցնում ենք, որ առանց ավելորդ դետալների ու անփայլ սև ուղիղ դասական տաբատը, որի երկարությունը կոճից 5 սմ ներքև է, իդեալական տարբերակ է բոլոր կանանց համար:

Ավելորդ խնդիրներից խուսափելու համար ճիշտ կլինի ընտրել ամբողջական կոստյում, այսինքն՝ բոլորը նույն կտորից և նույն գույնի: Այո, սևի երանգները ևս տարբեր են լինում, և տարբեր բրենդի սև պիջակ, տաբատ ու ժիլետ առանձին գնելու դեպքում վտանգ կա, որ եռյակն ամբողջական տեսք չի ունենա:
 





Պիջակներ, բլեյզերներ

Առանձին պիջակների ամենատարածված տարբերակը շարունակում է մնալ վանդակավոր պրինտովը: Կար շրջան, երբ միայն սև-սպիտակ վանդակն էր նորաձև, հետո` շագանակագույն վանդակները: Այս տարի ոչ մի գունային սահմանափակում չկա. Շանելի հայտնի պրինտից մինչև շոտլանդական քիլթերի կարմիր ու կանաչ տարբերակները շատ նորաձև են: Այստեղ ավելի կարևոր է որակը և կտորի հաստությունը: Հայաստանում աշնանը կա շրջան, երբ առավոտյան բավականին ցուրտ է, իսկ կեսօրից` շատ տաք, անգամ՝ շոգ: Այդպիսի «նախավերարկու» եղանակի համար ձեզ պետք կգա նմանատիպ պիջակը:





Բաճկոններ
 

Չենք մոռանում ամբողջ 2022 թվականի գլխավոր թրենդի` կաշվե իրերի մասին: Հատկապես հայաստանյան անձրևների համար սև, ոչ քիպ կաշվե տաբատը և´ պրակտիկ է, և´ համադրելի ցանկացած բլուզի հետ: Սպորտային ոճի սիրահարների համար կաշվե բոմբերներ և չհնացող ավիատոր (կամ բայքեր) բաճկոններն իդեալական տարբերակ են:



Իսկ մեր սիրելին 90-ականների մեր մայրիկների (ու հա նաև հայրիկների) կաշվե պիջակներն ու թրենչներն են: 





Անցնենք վերնաշապիկներին ու սվիտրներին
 

Դասական սպիտակ վերնաշապիկին ոչինչ չի փոխարինի, այն պահարանում «մնայուն արժեք» է: Կարելի է ենթադրել, որ կանանց մեծամասնությունն ունի նման վերնաշապիկներ:



Այդ դեպքում, կարելի է ձեռք բերել լայն ժանյակավոր «Փիթեր Փեն» կոչվող օձիքով կամ օձիքի հատվածում նուրբ կապվող վերնաշապիկներ, միայն թե, ի սեր նորաձևության բոլոր աստվածների, խուսափե՛ք «ժաբո» կամ շատ փոռիկներով օձիքներից. դրանք թատերական և անհեթեթ տեսք են տալիս հագուստին:



Բկավոր սվիտրը ևս մեկ մնայուն իր է պահարանում (փորձեցինք մաքսիմալ հայերեն գրել, բայց հո՞ բոլորս հասկացանք, որ խոսքը ռուս. «водолазка » -ի մասին է):  Նորաձև են քաշմիրից սվիտրները, բայց քաշմիրը հաճախ շատ թանկ է լինում, այն նաև խիստ քմահաճ է խնամքի հարցում: Եթե բյուջեն բավարար չէ այդպիսի սվիտր գնելու համար, կարելի է ընտրել բարակ, բայց՝ ձիգ գործվածք:

 
Եթե դասական ժիլետը Ձեզ համար չափազանց խիստ է, հավանում եք ձևը, բայց՝ ոչ կտորը, ապա ալտերնատիվ տարբերակ են գործած ժիլետները: Այդպիսի ժիլետները դեռ ակտուալ են, իսկ բրենդներն առաջարկում են ձևի, գույնի, երկարության լայն ընտրանի։ 





Զգեստներ ու կիսաշրջազգեստներ
 

Կարդալիս մտածելու եք․ բա «կանացի» ոչինչ չկա՞։ Չնայած, որ այդ հասկացությունն այդքան էլ ընդունելի չէ, բայց հասկանալի է,  որ այնուամենայնիվ, խոսքը գնում է զգեստի ու կիսաշրջազգեստի մասին։
Սև մետաքսյա միդի երկարության կիսաշրջազգեստներն այս տարի իրենց երկրորդ շունչն են ստանում։ Դրանք կարելի է հագնել և´ գրասենյակում պիջակի հետ, և´ երեկոյան առիթներին ավելի տոնական բլուզով։ 



A ձևածքով շրջազգեստների բավականին հետաքրքիր տարբերակներ կան, և, իհարկե ավելի նորաձև են, քան հայտնի մատիտ տարբերակը։

Եվ, վերջապես, սև փոքրիկ հայտնի զգեստը․ զգեստի երկարությունը կարող եք ընտրել ձեր կյանքի և աշխատանքի ռիթմին համապատասխան, բայց որքան զգեստն ընդհանուր պարզ լինի, այնքան նորաձև կնայվի։ Հատկապես գեղեցիկ են միջին հաստության ուսակապով, կրծքի հատվածում ուղիղ կտրվածքով զգեստները, որոնք, ի դեպ, կարելի է համադրել սպիտակ վերնաշապիկի հետ։

Քեզ կհետաքրքրի նաև