Եթե մեկ բառով նկարագրենք այս տարվա նորաձևության ամառային տրամադրությունը, ապա, դա միանշանակ կլինի «Վերածնունդ»-ը ։ Այո-այո, չզարմանաք, որովհետև այս տարի կարծես թե վերջապես քովիդը նահանջում է, ինչը չէր կարող չանդրադառնալ նորաձևության վրա։
Գրեթե երկու տարի տնային հարմարավետ հագուստից հետո բոլոր հնարավոր և անհնարին բազային, միատոն տարբերակները հավաքելիս՝ նորաձև աղջիկները հասկացան, որ իրենց պահարաններում գույներ են պակասում։
Տարվա գույնը, ըստ PANTONE-ի, very peri-ն է (մանուշակագույնն ու դրան մոտ երանգները)։ Հազվադեպ է պատահում, որ հայտարարված տարվա գույնն իսկապես մեծ տարածում գտնի առաջարկվող հավաքածուներում, սակայն, այս տարի իսկապես ամեն ինչ համընկավ։
Մանուշակագույնի հետ մեկտեղ տարածվեցին կանաչ, վարդագույն, կապույտ, դեղին երանգները: Սկզբում բարձր նորաձևության տների հավաքածուներում հայտնվեցին վառ գույներ, այնուհետև մասսմարկետը ողողվեց հրաշալի, գունեղ հագուստով։
Այս տարվա գլխավոր կողմնորոշիչ ներշնչանքն է 2000-ականների նորաձևությունը։ Միևնույն ժամանակ կա 60-ականների և անգամ 30-ականների ազդեցությունը։ Մոդելավորողները վերհիշել են բոլոր ժամանակաշրջանները։
Պիջակներ
Գլխավոր թրենդերից է վառ պիջակը։ Եթե նախորդ տարիներին անպայման էր ունենալ բազային սև կամ բեժ պիջակ, ապա այս տարի ունենք ծիածանի բոլոր գույները` երկնագույնից մինչև նարնջագույն, վարդագույնից մինչև մանուշակագույն։
Ավանդաբար հայկական ամառը շատ շոգ է լինում, բայց ուշ երեկոյան կամ վաղ առավոտյան ամառային բլեյզերը պետք է գալու։ Այն կարելի է կրել և՛ երեկոյան զգեստների, և՛ առօրյա ջինսե տաբատների հետ։ Ավելի հեշտ է գնել միանգամից ամբողջական կոստյում՝ հետագայում ամառային կապսուլա հավաքելու համար։
Ջինս
Ջինսե տաբատների առաջարկվող նորաձև տարբերակներն անթիվ են։ Այստեղ նկատվում է 2000-ականների շունչը. ցածր գոտկատեղով, ուղիղ կտրվածքով, մեծ գրպաններով կամ լայն ջինսերն ընտրության մեծ հնարավորություն են տալիս։ Հետաքրքիր նորաձև լուծում են երկգույն ջինսերը։ Թրենդային են նաև այն ջինսե տաբատները, որոնք ուղիղ ձևածքով են և ներքևի հատվածում ունեն բացվածք։
Ռետրո ոճի սիրահարներին կուրախացնի 60-ականների վերջին և 70-ականների սկզբին մեծ տարածում գտած ծնկից լայնացող ջինսի վերադարձը։ Հիշո՞ւմ եք, մենք նրանց «հոլիդեյ» էինք ասում։
Շորտեր
Այս ամառ միանգամից իրար հակասող 3 տենդենց կա` ուլտրա կարճ շորտեր, որոնք 2000-ականների ներշնչանքն են։ Այս տարբերակն իհարկե հարմար է ծովափնյա քաղաքների համար։ Եվս մեկ նկատվող ներշնչանք են բրիջիները, որոնք դեռ նոր-նոր են հաստատում իրենց դիրքերն այս տարվա նորաձևության մեջ։
Հայաստանում ամռանը բավականին շոգ է, բայց Երևանը ծովափնյա քաղաք չէ, այդ իսկ պատճառով, ամառային թրենդերից ամենահարմարը մեզ համար «բերմուդա» կոչվող շորտերն են։ Արդեն մի քանի սեզոն է, սեզոնային թրենդերը գլխավորում են բերմուդները՝ ջինսե, վուշե, բամբակյա և անգամ սպորտային։ Այս տարի բազային բեժին ավելացել են նաև վառ գույներ։
Ծաղկային պրինտ
Սխալ է ասել, որ ծաղկային պրինտով զգեստներն և բլուզները միայն հիմա են նորաձև դարձել։ Ամեն ամառ ծաղկային պրինտը նորաձև է դառնում կիսաշրջազգեստի և շրջազգեստի մեջ, պարզապես ամեն ամառ այն փոփոխվում է։ Այս տարի ևս շեշտը դնում ենք բնական գույների և հիմնականում դաշտային ծաղիկների մոտիվի վրա։
Եվս մեկ մոռացված ժարգոնային բառ` «պաժալուստա»։ Այս բառը մեր մայրիկները, չգիտես ինչու, օգտագործում էին իրար վրա կապվող զգեստ-խալաթների համար։ Այս տարի նորաձև են դրանց շատ կարճ տարբերակները։
Կորսետ
Ու էլի, բարև՜ անցյալից, այս անգամ 18-րդ դարից։ Կպատկերացնեի՞ն արդյոք այդ ժամանակաշրջանում ապրող կանայք, որ ներքնազգեստի մաս կազմող կորսետը մի քանի դար անց կսկսեն կրել որպես բլուզ։ Բնականաբար, ներկայումս վաճառվող կորսետները հնի իմիտացիա են։ Դրանք կարելի է հագնել և՛ ջինսերի, և՛ դասական տաբատի հետ։ Շատ նրբագեղ են կորսետով զգեստները: Այդպիսի զգեստների տարբերակներ կան և՛ առօրյա, և՛ երեկոյան առիթների համար:
Մինիմալիստական ոճի սիրահարներին դուր կգան cut out տոպերն ու զգեստները: Cut out (բառացիորեն` «կտրված), երբ բլուզի կամ զգեստի վրա կա կտրվածք շատ անսովոր մասում։ Շնորհիվ նման կտրվածքի, զգեստը բանալ չի երևում։
Կարճ կիսաշրջազգեստ
60-ականների գլխավոր հիթը ուլտրա կարճ կիսաշրջազգեստն էր՝ այնքան կարճ, որ տենդենցը ըմբոստության ու սեքսուալ հեղափոխության հիմք դրեց նորաձևության մեջ։
Դե չէ, իհարկե, մենք 2000-ականներին այդքան ծայրահեղական չենք, բայց վերջին տարիներին կարծես թե միայն միդի չափսի կիսաշրջազգեստն էր սիրելի։ Այժմ մինին վերադառնում է։ Ամենահարմար գույնը, չնայած եղանակին, սևն է։ Այն կարելի է համադրել ցանկացած բլուզի հետ։ Վերադարձել են նաև վաղուց մոռացված կիսաշրջազգեստ-շորտ տարբերակը։
Կոշիկներ
Որքան էլ անսպասելի է, բազային մինիմալիստական ոճով հողաթափերին, բոկոտիկներին զուգահեռ նորաձություն են վերադարձել բարձր պլատֆորմով կոշիկները՝ թե´ սպորտային, թե´ տոնական կոշիկների դեպքում: Կոշիկների դեպքում ևս վառ գույները ակտուալ են: Սովորական ջինսե տաբատով և սպիտակ շապիկով լուքերը կարելի է վառ դարձնել գունավոր (կապույտ, վարդագույն, դեղին) դասական սրածայր կոշիկներով:
Պայուսակներ
Նորաձև պայուսակների հիթ-շքերթը գլխավորում է tote bag-ը, մատչելի լեզվով ասած` կտորից պարզ տոպրակները: Էական չի դրանք կլինեն բարակ թե հաստ կտորից, գունավոր, անգույն, մինիմալիստական պրինտով թե որևէ կարգախոսով․ ընտրե՛ք այն, ինչը Ձեզ դուր է գալիս: Ակտուալ են նաև ջինսե տոպրակները:
Եթե նախորդ տարիներին ծղոտե պայուսակների հստակ ձև կար, օրինակ՝ միայն օվալաձև տարբերակները, ապա 2022-ի ամռանը և ոճի հարցում ոչ մի սահմանափակում չկա:
Ե՞րբ, եթե ոչ ամռանը։ Հենց հիմա կարելի է ձեռք բերել որևէ «զվարճալի» գունավոր պայուսակ, որը կարող է զարդարված լինել ուլունքներով կամ մարգարիտներով, իսկ ամենազիլն, իհարկե, «տատիկի» սովետական ցանց տոպրակն է (ավոսկա), որը յուրահատուկ տեսք կտա ձեր ամառային լուքին: